«Եվրատեսիլ-2015». «Genealogy» խմբի հինգերորդ մասնակիցը Մերի -Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն է
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով: Խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի որոշել է մրցույթին ներկայանալ նոր ձևավորվելքի «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Եվրոպա աշխարհամասը ներկայացնելու է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝Ստեֆանի Թոփալյանը:
Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանին լցրել է բազմաթիվ հայտնի օպերային դահլիճներ: Մերի - Ջինն Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Հունաստանի քաղաքացիություն ունի, այժմ բնակվում է Ուելսում:
Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի և մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել սովորել:
Մերի-Ջինը սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստագիտության բաժնում՝ վոկալի ու ֆլեյտայի դասարաններում, իսկ հետագայում նաեւ ստացել հոգեբանության բակալավրի աստիճան:
Նա 2007 թվականին հաղթել է ավստրալական «ABC Symphony» երիտասարդ վոկալիստների մրցույթում, իսկ Սիդնեյում 2008 թվականին աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանի ղեկավարությամբ երգեցողություն սովորելով՝ Մերի –Ջինն առաջինն էր, ով արժանացել է հատուկ կրթաթոշակի՝ Քարդիֆի միջազգային ակադեմիայում Դենիս Օ'Նեյլի գլխավորությամբ ուսանելու նպատակով:
Ուսումնառության ընթացքում նա ելույթ է ունեցել Իտալիայի Բարգա քաղաքում, ինչպես նաև Քարդիֆում: Հետագայում տարբեր կատարումներով Մերի-Ջինը ելույթ է ունեցել Լոնդոնի, Ուելսի, Պրահայի, Սիդնեյի եւ այլ ազգային օպերաներում՝ մարմնավորելով գլխավոր դերեր:
2011 թ-ին Մերի-Ջինն առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ Ալբերտ սրահում, իսկ ահա 2012-ին ներառվել Սուրբ Լուիս օպերային թատրոնի երիտասարդ արտիստների ցանկում: Մերի-Ջինը զբաղեցրել է առաջին տեղը Փարիզի օպերային մրցույթում, ինչպես նաեւ հաղթել՝ «The Mathy» մրցանակաբաշխությունում:
2015 թվականին Մերի-Ջինը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, նա ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: