Կոմիտասին նվիրված համերգներ Նյու Յորքում. «Մենք երկրպագում ենք նրան»
Վերջին մի քանի տարիներին մի քանի անգամ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կազմակերպվել է Կոմիտասին նվիրված համերգներ՝ այդկերպ հարգանքի տուր մատուցելով, իրենց սերն արտահայտելով մեծանուն հային: Լրագրողների հետ զրույցում ասաց Կոմիտասի թանգարան-ինտիտուտ այցելած «Մետրոպոլիտեն» թանգարանի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը:
«Մենք երկրպագում ենք նրան»,- ընդգծեց նա:
Նշենք, որ փետրվարի 28-ից մարտի 5-ը Հայաստանում է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են թանգարանի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ, համակարգող Գրիֆիտ Մանը և Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը:
Գրիֆիտ Մանն իր խոսքում ասաց, որ մեծ պատիվ է իրենց համար լինել Հայաստանում, գտնվել մեծանուն հայի անվան թանգարանում: Նա նշեց, որ 2015-ը կարևոր տարի է Հայաստանի համար:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ թանգարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, հետագա համագործակցության եզրեր կգտնեն:
Թանգարանի գիտական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մհեր Նավոյանն էլ կարևորեց, որ նորաբաց մշակութային օջախն արդեն փորձեր է անում համագործակցել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանի հետ: Նա հայտնեց, որ նախատեսում են հայ միջնադարյան փոքրիկ գիտական օղակ ստեղծել թանգարանում, քանի որ Կոմիտասի ժառանգության կարևորագույն մասը վերաբերում է միջնադարյան արվեստին:
Գրիֆիտ Մանը և Հելեն Էվանսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա եղան նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
Նշենք, որ այսօրվանից Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկեց դասական երաժշտության համերգաշարը: Համերգաշարի առաջին համերգին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին