Կիևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվել են ցուցահանդեսներ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակացությամբ Ուկրաինայի խորհրդարանի գրադարանում նախօրեին բացվել է «Հիշողության հարյուր գարուն» խորագիրը կրող ցուցահանդես: Ներկայացվել են լուսանկարներ և վավերագրական նյութեր: Այս մասին տեղեկանում ենք analitikaua.net կայքից:
Ցուցադրության կազմակերպիչներն են եղել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը, Ուկրաինայի հայերի միությունը, Կիևի հայկական համայնքը:
Հուշ-երեկոյին ներկա են եղել Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Կիևի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Տեր-Հովհաննես Շահնազարյանը, բանաստեղծ Իվան Դրաչը, բանաստեղծ-թարգմանիչ Սերգեյ Ցուշկան և այլ հյուրեր:
Նախօրեին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նաև Ուկրաինական տանը է բացվել ցուցահանդես: Հուշ-երեկոյի ավարտին հյուրերին ներկայացվել է Հայոց ցեղասպանության թեմայով գեղարվեստական, պատական ֆիլմ:
Աղբյուրը նշում է, որ միջոցառումները մեծ հետաքրքրություն էին առաջացրել ինչպես հայկական համայնքի, այնպես էլ հենց ուկրաինացիների շրջանում:
Ուկրաինայի հայերի միությունը 2014-2015 թթ. իր գործունեության առաջնահերթությունն է համարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումների կազմակերպումը: Միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկությամբ, միջոցառումների կազմակերպման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ հիշատակի և թեմատիկ միջոցառումներ կազմակերպելու համար: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են երկրի տարբեր շրջաններից ակտիվիստներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին