«Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը՝ Վանաձորում
Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը: Համերգի կայացմանը աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունն և Վանաձորի քաղաքապետարանը: Այս մասին տեղեկացնում են համերգի կազմակերպիչները:
Մայիսի 17-ին կայանալիք թատերականացված համերգ -ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Հորովել» երգի-պարի անսամբլը ստեղծվել է 1958թ-ին Կիրովականի Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային ստուդիայի հիմքի վրա: Ստեղծման օրվանից կոլեկտիվը համերգային շրջագայություններով հանդես է եկել ոչ միայն հանրապետության բազմաթիվ շրջաններում ու քաղաքներում, այլև Սիբիրում, հյուսիսային կովկասի, Միջին Ասիայի քաղաքներում`նախկին ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազում միջազգային և հանրապետական փառատոների` արժանանալով մրցանակների:
Հետագա տարիներին անսամբլն իր մասնակցությունն է բերել` 1975, 1980, 1981, 2006թթ-ին Ֆրանսիայում, 1998թ-ին Իտալիայում, 2002թ-ին Իրաքում, 2003թ-ին Հունաստանում, 2011թ-ին Բաթումում կայացած միջազգային փառատոններին: Այժմ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է դուդուկահար Գարեգին Անանյանը, բալետմայստերը` Արայիկ Գևորգյանը, գործիքային մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը: