«Ծաղկած ծիրանի»՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (լուսանկարներ)
Տարբեր սերունդներ, տարբեր շրջաններ, տարբեր ոճեր, տարբեր ժանրեր: Թեման նույնն է՝ Հայոց ցեղասպանություն:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվեց «Ծաղկած ծիրանի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի հավաքածուում գտնվող մոտ 40 ստեղծագործություն: Տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ ցեղասպանությունից վերապրածներ, միջին և ժամանակակից սերունդ, իրենց ստեղծագործությունների միջոցով արտահայտում են այն ցավը, որ իր սրտում ունի յուրանքաչյուր հայ:
«Տպավորիչ ցուցահանդես է: Բոլոր աշխատանքների մեջ զգում ես այն ցավը, որը մեր սերունդների սրտից դեռ երկար ժամանակ չի վերանալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցահանդեսն այցելած մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Երվանդ Քոչար, Սեյրան Խաթլամաջյան, Արշիլ Գորկի, Լևոն Թութունջյան, Մինաս Ավետիսյան, Էդուարդ Արծրունյան, Սարգիս Մուրադյան, Ռոբերտ Էլիբեկյան, Ֆելիքս Եղիազարյան, Գայանե Խաչատրյան, Վարդիթեր Կարապետյան, Վարուժան Վարդանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Ներսես Մելիքյան և հայտնի այլ արվեստագետների ստեղծագործությունները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացված ցուցահանդեսում կներկայացվեն մինչև մայիսի 10-ը:
Panorama.am-ի հետ զրույցում «Բարձր արվեստ» կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Բեգլարյանն ասաց, որ այս տարվա ընթացքում տարբեր երկրներում կազմակերպելու են ցուցահանդեսներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արդեն Լիբանանում հանդես են եկել ցուցահանդեսով, Երևանից հետո նախատեսվում է Մարսեում, Վիենայում:
«Մեր ցուցահանդեսի գլխավոր մեխը Լևոն Թութունջյանի 1930 թվականին ստեղծած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Դեղին դիմակ» ստեղծագործությունն է, որը վերջին անգամ ցուցադրվել է 1988 թվականի Մոսկվայի Տրետյակովսկի պատկերասրահում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ «Բարձր արվեստ» կենտրոնը կտավը ձեռք է բերել նախորդ տարի:
Նկարչուհի Նազիկ Ասլանյանն ներկայացրեց իր «Երիցուկ» ստեղծագործությունը. «Երիցուկ ծաղիկը կյանքի խորհրդանիշն է: Հիմնական գաղափարը լույսն է: Լույսը պայքար է խավարի, մթության, չարիքի դեմ, հոգու և մտքի մթության դեմ: Ցեղասպանությունը չարիքի գերագույն դրսևորումն է: Լույսն այդ ամենի դեմ պայքար է»:
Նա նշեց, որ խորհրդանշական է նաև ցուցահանդեսի վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ. «Այսպիսի մեծություններով է որոշվում ժողովրդի հզորությունը»:
]