«Բարեկամության Կամուրջներ». խաղաղասիրական ակցիա՝ Երևանում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և Շվեդիայից ժամանած «Հզոր զգացմունքներ» բալետային պարային խումբը մայիսի 3-ին ներկայացնելու են «Բարեկամության Կամուրջներ» համերգային ծրագիրը: Այս մասին Panorama.am-ին հայտնում են «Բարեկամություն» պետական համույթից:
Համերգին մասնակցելու են Իսպանիայից, Հունաստանից, Վրաստանից, Մոլդովիայից և Ուկրաինայից ժամանած «Երգենք և պարենք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցների:
Համերգի գեղարվեստական ղեկավարն է լինելու Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը:
Կազմակերպիչների խոսքով, սույն ծրագիրը ինքնատիպ խաղաղասիրական մի ակցիա է որի նպատակներն են՝ միջմշակութային հաղորդակցման ամենաարդյունավետ միջոցներից մեկի՝ արվեստի, մշակույթի (պարի, երաժշտության) միջոցով համայն խաղաղասեր հանրության բողոքն արտահայտել՝ ընդդեմ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող բռնությունների, պատերազմների և մարդկային խոշտանգումների, այդ թվում և Հայոց մեծ եղեռնի: Իսկ ծրագրի գերնպատակն է միջազգային հանրության առավել լայն շրջանակներում լրացուցիչ անգամ բարձրաձայնել և արձանագրել՝ դարի ամենազարհուրելի ոճրագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության տխրահռչակ փաստը, ինչպես նաև, հայ և օտարազգի տարբեր մշակույթներ կրող 40 երիտասարդ արտիստների մասնակցությամբ, համատեղ համերգ-ելույթով հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի վառ հիշատակին: