Նկարիչ Միքայել Սահակյանի ստեղծագործությունները, Սուրեն Պիպոյանի օրագիրը՝ Ռուսական արվեստի թանգարանում
Ռուսական արվեստի թանգարանում (Ա.Աբրահամյանի հավաքածու) մայիսի 5-ին տեղի կունենա Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Տաթև Սարոյանը հայտնեց, որ երեկոյի ընթացքում կհնչեն պատերազմական տարիներին ստեղծված և մեծ ժողովրդականություն վայելող, ինչպես նաև ոչ այդքան հայտնի բանաստեղծություններ ու երգեր: Այդ բանաստեղծություններով և երգերով էին ոգևորվում Խորհրդային Միության բոլոր ազգերի զավակները մարտերի միջև եղած կարճատև դադարներին, դրանք էին լսում և կրկնում տանը նրանց սպասող ծնողները, կանայք և երեխաները:
«Հաղթանակն իրոք մեկն էր, և ոչ միայն Խորհրդային Միության, այլև դաշնակից երկրների ժողովուրդների համար՝ երկար սպասված ու ընդհանուր: Երջանիկ և շատ դառը: Եվ թեև ասված է, որ մուսաները լռում են, երբ թնդանոթներն են կրակում, մեր երեկոն կոչված է ապացուցել հակառակը. ամենածանր պատերազմական տարիներին ստեղծված այս բանաստեղծությունների և երգերի միջոցով՝ գեղարվեստական ամենաբարձր մակարդակի վրա արտահայտված են մարդկային ցավն ու վճռականությունը, հաղթանակի սպասումն ու հավատը, նվաճումների ուրախությունն ու կորուստների դառնությունը, կարոտն ու սերը:
Գրական-երաժշտական երեկոն այնպես է կառուցված, որ ունկնդիրն կզգա իրեն արվեստի ուժով վերստեղծված հեռավոր այդ տարիների մթնոլորտում, կվերապրի իր ծնողներին և տատ-ու-պապերին բաժին ընկած դաժան փորձություններն ու հաղթանակի բերկրանքը»,- ասում է Տ. Սարոյանը:
Երեկոյի ընթացքում կցուցադրվեն Հայրենական Մեծ պատերազմում զոհված տաղանդավոր հայ նկարիչ Միքայել Սահակյանի ստեղծագործությունները և օրագիրը, որտեղ պատերազմական իր օրերն էր նկարագրում ու նկարազարդում զինվորը՝ հետագայում Հայաստանի վաստակավոր նկարիչ Սուրեն Պիպոյանը:
Բանաստեղծությունները կհնչեն Աննա Միքայելյանի, երգեր՝ Ստեֆանի Քոչարյանի և ուրիշների կատարմամբ:
Ռուսական արվեստի թանգարանը միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին