Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես է գալու ԱՄՆ-ում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 6-15-ը հյուրախաղերով հանդես է գալու ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի պաշտոնական կայքից:
Մայիսի 8-ին Վաշինգտոնի Սթրաթմոր համերգասրահում հնչելու է հայկական երաժշտություն՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, Բարսեղ Կանաչյան, Ալան Հովհաննես: Համերգի ըննթացքում ելույթ է ունենալու «Հովեր» կամերային երգչախումբը, ինչպես նաև սոպրաններ Հասմիկ Պապյանը, Իզաբել Բայրաքդարյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, ջութակահարներ Լևոն Չիլինկիրյանը, Արա Գրեգորյան, Իդա Կավաֆյան և այլ երաժիշտներ:
Մայիսի 12-ին Լոս Անջելեսի Ուոլտ Դիսնեյ համերգասրահում կայանալու է հիշատակման համերգ: Նվագախմբի հետ ելույթ է ունենալու ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թափչյանը: Ծրագրում՝ Խաչատրյան («Սպարտակ» սյուիտ), Մանսուրյան՝ (Ջութակի կոնցերտ), Շոստակովիչ (Սիմֆոնիա թիվ 5):
Մայիսի 14-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենալու Մեխիկոյում՝ Նեցաուալկոյոթլ համերգասրահում: Այդ օրը համերգի մենակատարն է գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը: Ծրագրում՝ («Սպարտակ» սյուիտ), Սեն-Սանս (Թավջութակի կոնցերտ թիվ 1), Չայկովսկի (Սիմֆոնիա թիվ 4):