Դուդուկահար Արտակ Ասատրյանը հանդես կգա մենահամերգով
Դուդուկահար Արտակ Ասատրյանը հանդես է գալու մենահամերգով, որը կայանալու է հուլիսի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Արտակի հետ բեմում լինելու է նաև Հնագույն երաժշտության Տաղարան համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան): Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին համերգի կազմակերպիչները:
Արտակ Ասատրյանը սկսել է նվագել 6 տարեկանից: 9 տարեկանում Զարթոնք-96 մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի: 1997թ.Համահայկական դուդուկահարների մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին: 15 տարեկանից ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, Գեորգի Մինասովի դասարանում և նույն թվականից աշխատել է վարպետների հետ «Դուդուկներ» անսամբլում: 9 տարեկանից նվագել է պետական հայֆիլհարմոնիայի մանկական ժող.գործիքների նվագախմբում Հրաչյա Մուրադյանի ղեկավարությամբ: Հանդիսանում էր նվագախմբի առաջին դուդուկ և մենակատար: 2005թ. բանակում ծառայելուց հետո շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2007թ. դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում: 2011թ .աշխատում է նաև Ա.Բանբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: 2011թ. աշխատում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթում Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:
Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Անգլիայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Սիրիայում, Լիբանանում, Չինաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում: 2014թ.ստեղծել է նաև իր խումբը՝ «Ծիրանի» անսամբլը, որը հանդես է գալիս Հայաստանում և արտասահմանյան բեմերում:
Նշենք, որ այս օրերին Արտակ Ասատրյանը համերգներով հանդես է գալիս Բեյրութում: