Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է կիթառի փառատոն
Երևանյան միջազգային կիթառի փառատոնը կկայանա հուլիսի 6-24-ը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Երևանի Կիթառահարների ասոցիացիայից:
Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում: Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» («Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը հուլիսի 6-ին, ելույթ կունենա Երևանի միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի Կիթառահարների Ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա):
Փառատոնի կազմակերպիչ է Երևանի Կիթառահարների ասոցիացիան Գերմանիայի Վուպպերտալի Կիթառահարների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ: Փառատոնի գործընկերներն են «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «ԵրազԱրտ» հիմնադրամը:
Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու կիթառի փառատոն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում