Սիմպոզիում Գյումրիում. Հայաստանցի քանդակագործները դեռ կարող են հայտեր ներկայացնել
Գյումրու Քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումին մասնակցելու համար 24 արտասահմանցի քանդակագործ հայտ է ներկայացրել, իսկ Հայաստանից ստացվել է 4 հայտ: Panorama.am-ին տեղեկացրեց «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կրթամշակութային վերլուծությունների և զարգացման ՀԿ-ի նախագահ Արթուր Գևորգյանը: Նա նաև հայտնեց, որ հայտերի ընդունումը հայաստանաբնակների համար երկարացնում են, քանի որ ուզում են հանձնախմբով ընտրել առավելագույն լավ աշխատանքներ:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ եք կարծում, ինչու հայ քանդակագործները չեն ցանկանում մասնակցել սիմպոզիումին, Ա. Գևորգյանն ասաց. «Երևի երկու պատճառ կա. առաջին՝ սոցիալական հարցեր են լուծում, երկրորդ՝ քիչ են տեղեկացված: Այս սիմպոզիումը երիտասարդական է ու առիթ է երիտասարդ քանդակագործի համար հասարակության մեջ տեսանելի դառնալու համար»:
Գյումրու Քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումը կայանալու է հուլիսի 20-ից հետո: Իրականացնողը Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ն է՝ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են՝ մշակույթի նախարարությունը, Շիրակի մարզպետարանը: