Հայկական «Երազավայր» -ը՝ Պեկինի միջազգային բիենալեում (լուսանկարներ)
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 16-ն անցկացվելու է Պեկինի միջազգային 6-րդ արվեստի բիենալեն (6th Beijing International Art Biennale, 2015): Բիենալեի այս տարվա թեման է՝ «Հիշողություններ և երազանքներ»: Բիենալեում Հայաստանը ներկայանալու է «Երազավայր» հատուկ ցուցադրությամբ: Հայկական տաղավարի համադրողն է Աննա Գարգարյանը: Այս մասին տեղեկանում ենք dreamscapesbeijingbiennale.wordpress.com կայքից:
Ցուցահանդեսում ներկայացվելու են Հրայր Սարկիսյանի (Լոնդոն), Ալլեն Սայեղի (Բոստոն), Միքայել Օհանջանյանի (Ֆլորենցիա), Կարեն Միրզոյանի (Երևան), Լիաննա Մկրտչյանի (Ֆլորենցիա), Հրաչյա Վարդանյանի (Գյումրի), Դավիթ Գալստյանի (Երևան) Արարատ Մինասյանի (Երևան) աշխատանքներ:
Կայքում տեղադրված տեսանյութում ցուցադրության համադրող Աննա Գարգարյանը պատմում է. «Ես հրավիրված եմ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից համադրելու հայկական ցուցահանդեսը Պեկինի 2015 միջազգային արվեստի բիենալեի շրջանակում: Սա երկրորդ անգամ է, որ Հայաստանը մասնակցում է ազգային մակարդակի վրա: Մենք ներկայացնելու ենք «Երազավայր» կոչվող ցուցահանդեսը: «Երազավայրը» ուսումնասիրում է հիշողություններ և երազներ տարածական փոխաբերությունների շնորհիվ, ինչը նաև բիենալեի հիմնական թեմատիկ գաղափարն է: Հիշողությունների և երազների թեման հատկապես կարևոր է այս տարի հայերի համար, քանի որ այն հատկանշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
«Երազավայրը» ծնվել է հիշողության գաղափարի հիման վրա, որը չունի հատուկ մարմնավորում, բայց շատ կարևոր է մեր ինքնության ձևավորման համար: Այն նույնպես դինամիկ գաղափար է, քանի որ այն փոփոխվում է ժամանակի հետ միասին:
Այսպիսով, ես փորձում էի հասկանալ, թե ինչպես է հիշողությունը, որն ինչ-որ պարագայում կարելի է ոչ հուսալի համարել, այնքան կարևոր մեր ինքնության համար, և ես սկսեցի պատկերացնել հիշողությունը տարածական գաղափարի մեջ բնապատկերների միջոցով, որոնք ասես այդ հիշողությունները պահպանող անոթներ լինեն:
Ամբողջ աշխարհի հայությունը զետեղված է շատ տարբեր տարածաշրջաններում, և մենք ունենք տարբեր պատկերացումներ տարածքի և միջավայրի հանդեպ, որոնք հիմք են ծառայում իրենց ինքնության զարգացման համար: Հայերի ինքնության տարբերությունը մեծ է ու սա վերաբերում է և սփյուռքահայերին, և Հայաստանի ներսում ապրող հայերին: Հայ գյուղացին ունի շատ տարբեր ինքնության գաղափար, քան Երևանում կամ Գյումրիում ապրող հայը, և սա շատ կարևոր էր ինձ համար ցուցահանդեսում ցույց տալ հայ ազգի ինքության բազմակողմանիությունը ոչ միայն գլոբալ կոնտեքստում, այլ նաև Հայաստանի»:
Դավիթ Գալստյան
INVIVIA ստուդիա, Ալլեն Սայեղ, Զիյի Ժանգ
Արարատ Մինասյան
Լիաննա Մկրտչյան
Կարեն Միրզոյան
Միքայել Օհանջանյան
Հրայր Սարկիսյան
Հրաչյա Վարդանյան