«Չգիտեմ, թե որ լեզվով կարող եմ ավելի լավ հայերեն խոսել՝ թիֆլիսցի հորս, թե ստամբուլցի մորս». Բեմում է Շառլ Ազնավուրը
«Հայերենն ինձ համար ընտանեկան լեզու է: Չգիտեմ, թե որ լեզվով կարող եմ ավելի լավ հայերեն խոսել՝ թիֆլիսցի հորս, թե ստամբուլցի մորս... այս պատճառով ավելի հեշտ է խոսել ֆրանսերեն»,-Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող համերգի նախաբանում այսպես անկեղծացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ապա անցավ ֆրանսերենին:
Նշենք, որ համերգն ընթանում է Պատրիկ Շարի և Ալեն Բոյաչիի նվագակցությամբ: Համերգին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, համաժողովի մասնակիցները:
Հիշեցնենք, որ հոկտեմեբրի 10-11-ին Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
91-ամյա Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
Նախորդող հրապարակում՝
Շառլ Ազնավուրի երևանյան համերգի տոմսերը սահմանափակ են. «Շատ ծախսատար համերգ է»