Երաժիշտներ 5 երկրներից. Մեկնարկում է Վերադարձի փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր հովանավորությամբ հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը կանցկացնի Վերադարձի դասական դրաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին:
Կազմակերպիչների հաղորդմամբ, փառատոնի խորագիրը` վերադարձ, կոչ է, արդի հայաստանյան հասարակությունից և իրականությունից բխող ազդակ, որն ուղղված է աշխարհասփյուռ բոլոր հայերին:
Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, այն համայն աշխարհի հայության ուշադրությունը հայրենադարձության խնդրին հրավիրելու փորձ է` ուղղված սեփական հողում արարելու և ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը:
Գեղարվեստական առումով փառատոնի անցկացումը նպատակ ունի մեկ մասշտաբային ծրագրի շրջագծում հայաստանյան ունկնդրին ներկայացնել բարձրակարգ երաժիշտների կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները, ծրագրի համերգներում ընդգրկված հայ, ռուս, արևմտաեվրոպական կոմպոզիտորների` տարբեր ժամանաշրջանների և ուղղությունների նորովի կատարումը, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման միջոցով` խրախուսել և օժանդակել նոր ստեղծագործական մտահղացումների կայացմանը, մասնակցել ժամանակակից ստեղծագործությունների հանդեպ հանրային պահանջի ձևավորման գործընթացին, ծրագրի իրականացման միջոցով ևս մեկ անգամ բարձրաձայնել Հայաստանում դասական արվեստի և մշակույթի զարգացման խնդիրները, ապահովել օտարազգի արվեստասերների և արվեստագետների հարաճուն մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող մշակութային իրադարձություններին:
Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և նույն հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը:
2015թ-ին իրականացվելիք փառատոնի շրջանակներում ընդգրկված են տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից: Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:
Փառատոնի հանդիսավոր բացման համերգի ընթացքում, որը կկայանա հոկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ: Նույն համերգին հանդիսատեսը նաև հնարավորություն կունենա ունկնդրել Էդգար Հովհաննիսյանի` երկար տարիներ երևանյան համերգասրահներում չկատարված «Կոնցերտ բարոկոն» (մենակատար` Անի Բատիկյան, Մեծ Բրիտանիա), Ալֆրեդ Շնիտկեի թիվ 1 Կոնցերտո Գրոսսոն (մենակատարներ` Անի Բատիկյան, Աստղիկ Վարդանյան), Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա դաշնամուրի և լարայինների համար ստեղծագործությունը (մենակատար` Սվետլանա Նավասարդյան):
Փառատոնի հանդիսավոր բացման համերգի նվագախումբը Հայաստանի պետական կամերային նվագախումբն է, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա նաև որպես դաշնակահար` Յ. Ս. Բախի ֆա մինոր դաշնամուրային կոնցերտի կատարմամբ: