Այսօր երեկոյան Կասկադ համալիրում կտեղադրվեն աստղադիտակներ, որոնցով ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր

09:14 28/04/2012 » Հասարակություն

Այսօր երեկոյան Կասկադ համալիրում կտեղադրվեն աստղադիտակներ, որոնցով ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր

Այսօր նշվում է աստղագիտության միջազգային օրը: Այն շարժական տոն է և սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում և սահմանված է այնպես, որ տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը (օրինակ 2011-ին այն մայիսի 7-ին էր):

Հայկական աստղագիտական ընկերության հաղորդմամբ, այս նախաձեռնությունը սկսվել է 1973թ. Հյուսիսային Քալիֆորնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից, երբ նա բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար զմայլվել երկնքի գեղեցկությամբ:
Ներկայումս այս իրադարձությունն արդեն սատարվում է աստղագիտական մի շարք կազմակերպությունների կողմից: Աստղագիտության օրը նշվում է ամեն տարի՝ հասարակության և աստղագիտության հետ առնչվող տարբեր մարդկանց և կազմակերպությունների (պրոֆեսիոնալ և սիրող աստղագետներ, աստղագիտության ուսուցիչներ, աստղացուցարաններ) միջև կապն ու շփումներն ամրապնդելու նպատակով:

Սովորաբար կազմակերպվում են հասարակական դիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ և այլն՝ հասարակության մեջ աստղագիտական գիտելիքները և հետաքրքրությունները տարածելու համար: Աստղագիտության օրը նաև աստղագիտության շաբաթի մի մասն է, որը սկսվում է դրան նախորդող երկուշաբթի: Կա նաև աստղագիտության աշնանային օր, որն այս տարի կլինի հոկտեմբերի 20-ին:

Հայ սիրող աստղագետները («Գուդրայք Ջոն» կազմակերպությունը՝ Ռուբեն Բունիաթյանի գլխավորությամբ) շաբաթ օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 20:30-22:30, Կասկադ համալիրի վերևի հարթակում տեղադրելու է մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր և երկնքի այլ հրաշալիքները:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց