«Նա մի մեծ երեխա է` մասամբ միամիտ, շուտ վիրավորվող»… Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

09:14 06/06/2012 » Մշակույթ

«Նա մի մեծ երեխա է` մասամբ միամիտ, շուտ վիրավորվող»… Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

«Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով» ` միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը…
Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ: Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»,- ասել է հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը 20-րդ դարի համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին:

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում ծնվել է տաղանդավոր կոմպոզիտորը: 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու, ընդունվում է Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: 1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը: Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացել է իր առաջին Պետական մրցանակը: 1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը Երկրորդ սիմֆոնիան, որոնց նույնպես կոմպոզիտորին շնորհվեցին Պետական մրցանակներ: 1944 թ. նա գրեց Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:1956 թ. Լենինգրադի Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնում կայացել է «Սպարտակ» բալետի պրեմիերան: 1959 թ. «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին:

Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին` 75-ամյակի հոբելյանի շեմին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում` արվեստի ու գրականության հայ երախտավորների կողքին:

Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի նրա ծննդյան օրը արվեստագետները, մտավորականները, արվեստասեր հասարակությունը այցելում են նրա շիրիմին: Այսօր էլ այդ ավանդույթը պահպանվելու է. ժամը 11-ին նրա շիրիմի մոտ հավաքված կլինեն շատերը` հարգանքի տուրք մատուծելու նրա հիշատակին: 

«Նա մի մեծ երեխա է` մասամբ միամիտ, շուտ վիրավորվող, սակայն օժտված տիպիկ արևելյան մարդամոտությամբ` սիրող աղմկոտ հավաքույթներ, ուրախ ու մեծահոգի մարդկանց»,- Արամ Խաչատրյանին այսպես է բնութագրել բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց