«Օսկանյան ու փողերի լվացում մի նախադասության մեջ չի կարող լինել»

16:40 12/06/2012 » Օրվա թեմա

«Օսկանյան ու փողերի լվացում մի նախադասության մեջ չի կարող լինել»

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, վստահ եմ, որ ճիշտ պահին, համապատասխան պահին իր խոսքը կասի, բայց ես անձամբ ասել եմ, որ սա քաղաքական է միանշանակորեն և այդ քաղաքականության մեջ ես նաև տեսնում եմ իմ ներգրավվածությունը հենց ԲՀԿ ներսում: Ես կարծում եմ նաև այդ խնդիրն են ուզում ինչ-որ տեղ հարվածել ու խոչընդոտել… Ես գիտեմ գործի բոլոր մանրամասները` երկու կարծիք չի կարող լինել, սա քաղաքական պատվեր է»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ զրույցում` անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին նշել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:
Նա նշել է, որ քանի որ ինքը ԲՀԿ անդամ է, ապա  ամբողջը պետք է դիտարկել այդ կոնտեքստում:

Նշենք, որ ինչպես տեղեկացրել էին ավելի վաղ,  քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

«Իշխանությունները ուզում են դաշտը ամայացնեն, որպեսզի այն  ազատ լինի ` իշխանությունները ոչնչի առաջ չեն կանգնում և գնում են նման քայլերի: Ես այլ մեկնաբանություն եղածին իսկապես չեմ կարող տալ»:

Ընդգծելով, որ քաղաքական պայքարը պատկերացնում է քաղաքական հարթության մեջ, Վ.Օսկանյանը նշում է` «այս ամենը` սպառնալիքներ և այլն իմ ոճը չի, բայց, եթե իշխանությունները սա են ընտրել, ես սրան էլ եմ պատրաստ».

«Ազգային անվտանգության ծառայությունն այստեղ գործ չունի և սա ամենաակնհայտ նշանն է, որ սա քաղաքական պատվեր է … Փողերի լվացո՞ւմ, ես շարունակում եմ այս հարցը տալ.. այս իշխանությունները փողերի լվացումից են խոսում»,- ընդգծում է նա ու հավելում, որ Օսկանյան ու փողերի լվացում մի նախադասության մեջ չի կարող լինել:

Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ է կոնկրետ կանչվել հարցաքննության` Վ.Օսկանյանը դժվարացավ կոնկրետ օրը նշել. «Չեմ հիշում… երևի մի շաբաթ առաջ էր` կանչել էին գնացել եմ: Երկրորդ անգամ էլ են կանչել, երևի թե վաղը կգնամ, այդքան բան »:

Բայց վերջում հավելել է նաև, որ, եթե գործը նույն կարգի շարունակություն ունենա, ապա ինքն անպայման իր իրավունքներից կօգտվի:

Հիշեցնենք, Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախորդիվ` Օսկանյանի ու մյուսների կողմից «լվացվել» է շուրջ 2 մլն դոլա՞ր. ԱԱԾ հայտարարությունը

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց