Կին պատգամավորներն ու ԱԺ հանձնաժողովները. Լյուդմիլա Սարգսյանը կզբաղվի  սոցիալական հարցերով

18:02 15/06/2012 » Հասարակություն

Կին պատգամավորներն ու ԱԺ հանձնաժողովները. Լյուդմիլա Սարգսյանը կզբաղվի սոցիալական հարցերով

Ազգային Ժողովի 12 կին-պատգամավորների մեծամասնությունը կենտրոնացել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի 13 անդամներից 5 կանայք են` ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը,  Շուշան Պետրոսյանը, Ռուզաննա Մուրադյանը և Կարինե Պողոսյանը,ինչպես նաև «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
 
Սա, թերևս, միակ հանձնաժողովն է, որում կանայք այսպիսի ներկայացվածություն ունեն, մնացած բոլոր դեպքերում հանձնաժողովներում ներկայացված է հիմնականում մեկական կին պատգամավոր, իսկ որոշ հանձնաժողովներում, մասնավորապես, ԱԺ Պաշտպանության և ներքին գործերի, ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման , ինչպես նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովներում առհասարակ կին պատգամավոր ներկայացված չէ:

Նշենք, որ Հայ ազագյին կոնգրեսի ներկայացուցիչ, ընդդիմադիր Լյուդմիլա Սարգսյանը ներկայացված կլինի միանգամից երկու մշտական հանձնաժողովներում ` ԱԺ սոցիալական հարցերի և ԱԺ Առողջապահության հարցերի:
 
«Ժառանգության» Զարուհի Փոստանջյանը  կշարունակի իր գործունեությունը նույն հանձնաժողովում, որտեղ ներկայացված էր նախորդ գումարման Ազգային Ժողովում, այն է` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաև ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում:

Հիշեցնենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներից 2-ը գլխավորելու են կանայք, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը (նա կշարունակի ղեկավարել ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը) և Էլինար Վարդանյանը, ով այս գումարման նորելուկ պատգամավորներից է և փոխարինելու է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
 


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց