Կբացվի  մի նոր «գլամուռ» միջավայր՝ կանաչ գոտու հաշվին (տեսանյութ)

11:30 08/08/2012 » Հասարակություն

Կբացվի մի նոր «գլամուռ» միջավայր՝ կանաչ գոտու հաշվին (տեսանյութ)



Իսահակյան 28 հասցեում՝ Մյասնիկյանի նախկին քաղխորհրդի շենքի (վեջին տարիներին այստեղ գործում են մի շարք լրատվամիջոցներ) դիմային հատվածը՝ այգու տարածքով մեկ կրկին վերածվել է շինհրապարակի: Մեր համաքաղաքացիների մոտ կա մտավախություն, որ տարիներ առաջ ունեցած մի քանի համառ փորձերից հետո ինչ-որ մեկին այդուհանդերձ կհաջողվի վերացնել Տերյան -Իսահակյան խաչմերուկին փռված փոքրիկ պուրակը:

Հիշեցնենք, որ Տերյան-Իսահակյան խաչմերուկում գտնվող նախկին ռայկոմի շենքի մերձակա կանաչ գոտին, վերջին 10 տարիների ընթացքում շարունակաբար ենթարկվել է տարբեր ոտնձգությունների՝ ընդ որում քաղաքային իշխանությունների թույլտվությամբ:
Առաջին անգամ այդ կանաչ տարածքի նկատմամբ բարբարոսական վերաբերմունք դրսևորվեց 2005 ին: Մամուլում եղան հրապարակումներ, ըստ որոնց՝ «Պապլավոկ» և «Տրիումֆ» սրճարանի դիմաց սրճարան ունենալու գայթակղությանը չի դիմացել այն ժամանակվա տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը («Մուկ»): Եվ վերջինիս կողմից հովանավորվող անձը արագ տեմպերով ցանկապատել էր տարածքը, կտրել մի քանի ծառեր և սկսել էր իրականացնել շինարարության նախապատրաստական աշխատանքներ: Սսակայն գործընթացն արագ կանխվեց, գլուխ էին բարձրացրել Երևանի կանաչապատ տարածքների վերացման վտանգով մտահոգ բնապահպաններն ու ճարտարապետները: Նշված հասցեում տեղակայված մի շարք հրատարակչությունների թղթակիցներ մեծ աղմուկ բարձրացրին, ինչից հետո շինարարները նահանջեցին:

Բնակչության ահազանգից հետո ստիպված եղավ միջամտել բնապահպանության այն ժամանակվա նախարար Վարդան Այվազյանը: Հաշված օրերի ընթացքում վերացվեցին կատարված աշխատանքների հետքերը, տարածքը բարեկարգվեց, բերվեց նախկին տեսքին, ավելին՝ տնկվեցին հատուկ այդ նպատակով բերված դեկորատիվ ծառեր:

Դրանից հետո 2009-ին ևս մեկ անգամ փորձ արվեց նույն կանաչ գոտին «տեռորի ենթարկել» ընդ որում դարձյալ չինովնիկիներից մեկի քմահաճույքով, սակայն հասարակությունը նորից ընդվզեց՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով:

Եվ այսօր, այդ տարածքը երրորդ անգամ ոտնձգությունների ենթարկվելուց հետո չկա ոչ մի երաշխիք, որ նորից կփրկվի:
Դժվար է ասել՝ ում ճիրաններում է հայտնվել պուրակն այս անգամ, և արդյո՞ք տարածքի հանդեպ հավակնություններ ունեցողն ինչ-որ կապով չի առնչվում Հովիկ Աբրահամյանի հետ:

Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Երևանի քաղաքապետարանից, սակայն հրաժարվեցին մեզ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ հարցերի պատասխանները կստանանք գրավոր դիմելուց հետո միայն, ինչպեսև արեցինք: 

Առաջին անգամ չէ, որ Երևանի քաղաքապետարանը սիրահոժար թույլ է տալիս իրենց բիզնես պլաններով նեղլիկ բակեր, պուրակներ խցկվել քմահաճ գործարարների ու չինովնիկների ՝ կանաչ տարածությունների հաշվին նոր հողահատկացումներ անելով, բայց այսօր փոխվել է ամեն բան: Այնպես որ, հուսանք՝ քաղաքային իշխանությունները կհիշեն և կհարգեն իրենց իսկ ընդունած «Երևան քաղաքի զբոսայգիների և պուրակների սահմաններում կառուցապատման սահմանափակումների մասին» որոշումը:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց