Մանկատների բեռնաթափում. իրականությունն արտացոլող թվեր, շարունակ խեղվող ճակատագրեր

15:43 27/08/2012 » Հասարակություն

Մանկատների բեռնաթափում. իրականությունն արտացոլող թվեր, շարունակ խեղվող ճակատագրեր

2011թ-ի սկզբին հայաստանյան մանկատներում` և պետական, և ոչ պետական ապրել է 1102 երեխա, նրանցից 531-ն աղջիկներ: Իսկ ահա տարեվերջին երեխաների թվաքանակն ավելացել է և 2011-ն ավարտվել է  մանկատներում խնամվող 1115 երեխաներով: Այս թվերը ներկայացված են վերջերս հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական վիճակը 2011թ.» զեկույցում:

Ինչպես տեսնում ենք, մանկատների բեռնաթափման գործընթացը, որի մասին պատեհ-անպատեհ հայտարարում է համապատասխան գերատեսչությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, դեռևս չի հաջողվում` երեխաներն ինչպես եղել են մանկատներում, այնպես էլ շարունակում են մնալ այդ հաստատություններում: Ավելին` այն քաղաքականությունը, թե գնալով պետք է հասնենք նրան, որ մանկատներից երեխաների ելքը հեշտանա, իսկ մուտքը, հակառակը, դժվարանա դեռ իր ժամին է սպասում:

Եթե խոսենք թվերի լեզվով, ապա 2011թ-ին, որի ողջ ընթացքում նախարարությունը ակտիվ հայտարարում էր բեռնաթափման մասին, մանկատներ են ընդունվել 267 երեխաներ, որոնցից միայն 17-ն են, որ տեղափոխվել են այլ մանկատներից: Մյուսներն արդեն հասկանալի է:

Ի դեպ նշենք, որ համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ, ամենից շատ երեխա հայաստանյան մանկատներ մուտք է գործել հենց զեկույցային տարում` (էլ չեմ հիշեցնում նախարարության քաղաքականության, բեռնաթափման ու մնացածի մասին). եթե երեխաներին դիտարկենք տարիքային խմբերով, ապա տեսնում ենք, որ ամենից շատ երեխաներ` 324-ը, 1-6 տարեկան տարիքային խմբում են, իսկ 69 երեխաներ էլ մինչև 1 տարեկան խմբում: Համեմատության կարգով նշենք, որ, օրինակ, 2010թ-ին մանկատներում եղել է մինչև 1 տարեկան 56 երեխա, իսկ 1-6 տարիքային խմբում 308 երեխա: Թվերը ինքնին խոսուն են և պարզից էլ պարզ ցույց տալիս, որ մուտքը մանկատուն չի դժվարացել, այլ թերևս մնացել է նույն մակարդակին, ինչ նախկինում:

Դրական դինամիկա կարելի է համարել այն ցուցանիշը, որ անցած տարվա ընթացքում 56 երեխա վերադարձել է հարազատների մոտ, իսկ 74-ը` որդեգրվել: Եթե այս ցուցանիշները համեմատենք նախորդ տարիների թվի հետ, ապա կտեսնենք, որ որևէ առաջընթաց չի արձանագրվել և երկու գործընթացներն էլ, որոնք միտված են երեխայի շահերի պաշտպանությանը` վերադարձ ընտանիք, հարազատների մոտ և կամ նոր ընտանիքի ձեռքբերում, մնում է նույն մակարդակին:

Համեմատենք. 2011թ-ի տարեսկզբին ՀՀ մանկատներում ապրել է, ինչպես արդեն գրել ենք, 1102 երեխա, նրանցից տարվա ընթացքում 56-ը վերադարձել է ընտանիք, իսկ 74-ը որդեգրվել: 2010թ-ի տարեսկզբին մանկատներում ապրել է 1225 երեխա, նրանցից վերադարձել է հարազատների մոտ 83-ը, որդեգրվել 77-ը: Իսկ 2009-ի սկզբին եղել է 1243 մանկատան սան, նրանցից միայն 41-ն է վերադարձել ընտանիք և միայն 72-ը որդեգրվել: Ինչպես տեսնում ենք, առանձնակի շեղումներ այս թվերում չեն նկատվում և մակարդակը գրեթե պահպանվում է:

Բացի այս, թվերը ենթադրել են տալիս, որ թեև երեխաների թե’ ընտանիք վերադարձը, թե’ նրանց որդեգրումը պատկան մարմինների կողմից (իրենց հավաստմամբ) ուշադրության կենտրոնում է գտնվում, բայց առանձնահատուկ ջանքեր, մեխանիզմներ չեն կիրառվում, որպեսզի տարեց-տարի դրական դինամիկա ապահովվի: Ու ոչ թե մանկատներից դուրս գրվողների թիվը լինի մեծ, ինչպես 2011թ-ին դուրս է գրվել 254 սան, իսկ մեծ մասամբ մենք գիտենք, որ դուրս գրվելը նշանակում է ինքնուրույն կյանք գրեթե փողոցում, այլ որդեգրվողների և հարազատների մոտ վերադարձողների:

Որդեգրման առումով նշենք, որ այս թվի կեսից ավելին կազմում են մինչև 1 տարեկան երեխաները` 47 երեխա, մինչդեռ տարիքային բարձր խմբերի երեխաները շարունակում են մնալ ոչ այնքան ցանկալի որդեգրողների համար. 10-15 տարեկան տարիքային խմբում անցած տարի որդեգրվել է միայն երկու երեխա, իսկ 16-18 տարեկան մանկատան սաներ ընդհանրապես չեն որդեգրվել:

Ցավոք, մանկատան սաների նվազում արձանագրվել է նաև երեխաների մահվան պատճառով` 2011թ-ին մահացել է մանկատան 18 սան, ընդ որում ամենից շատ ` 7 երեխա, մահացել է մինչև 1 տարեկան տարիքային խմբում:

Դարձյալ մեծամասնություն են կազմում հաշմանդամ երեխաները` 466-ը, անկողնային են 198-ը, քրոնիկ հոգեկան շեղումներ ունեն 293 մանկատան սաներ:

Նշենք, որ հրապարակման համաձայն 2011թ. Հայաստանում գործել է 10 մանկատուն, որից յոթը պետական, իսկ երեքը ոչ պետական: Եվ սա այն դեպքում, երբ պետությունն անընդհատ հայտարարում է մանկատների բեռնաթափման, դրանց վերակազմավորման մասին:
 

Նախորդիվ` Ի՞նչ բեռնաթափում. 2011թ-ին երևանցի 67 մանուկ տեղավորվել է մանկատուն

Բեռնաթափում, թե՞ տեղափոխում. Ինչո՞ւ «Մարի Իզմիրլյանի» սաները ոչ թե ընտանիք են վերադարձել, այլ մեկ այլ մանկատուն


 

 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց