Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»
Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքի քանդմանը: ՀԽ վերջնական դիրքորոշումն այսօր լիագումար նիստում ներկայացրեց ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նկատեց, որ հարցը քննարկվել է ՀԽ չորս ենթահանձնաժողովներում և կոլեգիալ նիստում, աշխատանքային խումբը մշակել է առաջարկությունների փաթեթ, որը խորհուրդը կներկայացնի կառավարությանը:
«Համալիրը երևանցիների համար խորհրդանիշ է, այն ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության լավագույն նմուշներից է: ՀԽ ենթահանձնաժողովները ու Տարածքային կառավարման կոլեգիան դեմ են քանդելուն և առաջարկում են այն ներառել պահպանվող հուշարձանների ցանկում»,- ասաց Վազգեն Սաֆարյանը և հավելեց, որ իրենք առաջարկում են անկախ փորձագիտական ուսումնասիրություն կատարել՝ պարզելու համար շինության տեխնիկական վիճակը:
Հանրային խորհրդում նաև հնչել են առաջարկներ «Զվարթնոցի» հին շենքը բիզնես ծրագրերում ներառելու, տարածքում ավիացիայի թանգարան ստեղծելու և այլ տարբերակներով այն պահպանելու վերաբերյալ, ինչպես նաև առաջարկ է եղել այն օգտագործել Հայաստանի փոքր ավիացիայի զարգացման համար:
Վազգեն Սաֆարյանը հայտարարեց, որ ՀԽ-ն չի ստացել հիմնավոր փաստարկներ պարունակող փաստաթուղթ, որը կապացուցեր շինության քանդման անհրաժեշտությունը: Բացակայում են նաև համալիրի պահպանման և հետագա շահագործման վերաբերյալ ճշգրիտ հաշվարկները: «Այն պատմամշակութային արժեք է և պետք է պահպանվի: ՀԽ-ն դիմում է կառավարությանը և առաջարկում է չհամաձայնել քանդելու առաջարկությանը: Ինչպես նաև պահանջել ներկայացնել հիմնավոր հաշվարկ՝ նոր օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ներկայացնել զարգացման այլընտրանքային ուղիներ»,- ասաց նա:
Վազգեն Սաֆարյանը հավելեց, որ ՍԱՊԾ տրամադրած տեղեկություններով, օդանավակայանը կարող է դիմանալ մինչև 8 բալ ուժգնությամբ երկրաշարժի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով համատեղ քննարկել օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելն առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:
Հարցը քննարկման էր դրվել նախ ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), ինչպես նաև ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 31-ին օրակարգային նույն հարցով Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որին մասնակցել էին նաև քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի այլ աշխատակիցներ:
Նախորդիվ՝
Պետք է լուծումներ գտնել, որ «Զվարթնոցի» հին շենքը իր երկրորդ կյանքն ապրի. Մկրտիչ Մինասյան
«Կոլիզեյը կրկնակի կռիսանոց է, բայց պահում են». Քննարկում՝ «Զվարթնոցի» հին շենքի հարցի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը