10:05 04/07/2008 » Հասարակություն

ՏԵՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՐԻՇՆԵՐՆ ԵՆ ԱՆՈՒՄ

Եկեղեցին առանձին բյուջե չունի, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հսկողության տակ գտնվող եկեղեցիները վերանորոգվում են միայն բարեգործների կողմից հատկացված գումարներով: Այս մասին Panorama.am-ին ասաց Մայր Տաճարի գլխավոր ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանը:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանի խոսքով, պետական բյուջեից մշակույթի նախարարությանն այս տարի հուշարձանների վերանորոգման համար հատկացրել է 500 միլիոն դրամ:
Նշենք, որ կառավարության որոշմամբ, Մայր Տաճարի հսկողությանը տակ գտնվում է 150 եկեղեցի:

«2006 թվականից շինարարական աշխատանքներ են սկսվել Հառիճի վանքային համալիրի միաբանական շենքում, իսկ Հաղարծինի վանքային համալիրում արդեն իրականացվող մեծ ծավալի շինարարական աշխատանքները կավարտվեն 2009 թվականին»,-ասաց գլխավոր ճարտարապետը:

Հաղարծինի վանքը վերանորոգվում է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր խորհրդի անդամ, Շարժայի էմիր Շեյխ Սուլթան Բին Մոհամեդ Ալ Քասիմիի նվիրատվության շնորհիվ: «Եկեղեցին վերանորոգվելու է հիմնովին, բայց պահպանելու է իր նախնական տեսքը` ոչ մի փոփոխություն չի լինելու: Վերանորոգվելու են նաև դեպի վանական համալիր տանող ճանապարհները, լուծվելու են ջրամատակարարման, էլեկտրականության, գազի, կոմունիկացիոն ցանցերի հետ կապված խնդիրները»,-ասաց Հաղարծին վանական համալիրի վերանորոգման ծրագրի ղեկավար Մերի Դանիելյանը: Մոտ 1 միլիոն 713 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ծրագիրն էապես բարեփոխելու է եկեղեցու շրջակա տարածքը:

«Այս տարի մինչև սեպտեմբերի 28-ը պետք է ավարտվի նաև Մայր Տաճարում սկսված շինարարական աշխատանքները»,-ասաց Ա. Նազարեթյանը: Սեպտեմբերի 28-ը մեռոն պատրաստելու կամ եփելու օրն է, որը կատարվում է յոթ տարին մեկ անգամ ու բաժանվում է բոլոր հայկական եկեղեցիներին:
Պետական բյուջեից հատկացված 500 միլիոն դրամից 9 միլիոնը հատկացվել է նախագծային, իսկ 410 միլիոնը` շինարարակական աշխատանքների համար: Այդ գումարով այս տարվա ընթացքում սկսել են վերանորոգել կամ վերանորոգվում են մեկ տասնյակից ավելի մշակութային հուշարձաններում` Արագածոտնի մարզում` Սուրբ Հովհաննես, Աստվածընկալ, Սուրբ Աստվածածին, Դաշտադեմի, Կաթողիկե եկեղեցիներն ու Ամբերդի միջնաբերդը, Լոռու մարզում` Քոբայրավանքը, Հնեվանքը, Օձունի վանքը, Սյունքիում` Վահանվանքը, Հալիձորի բերդը, Քարահունջը, ինչպես նաև Էրեբունին և ուրիշներ:
Էրեբունի արգելոց-թանգարանի փոխտնօրեն Արաքսի Մեշենցյանի խոսքով, պատմահնագիտական արգելոց-թանգարանում մասնակի վերանորոգման համար պետբյուջից հատկացվել է 7 միլիոն դրամ: Հատկացված միջոցներով հիմականում վերանորոգվելու են ամրոցի միջանցքը, սանհանգույցները, էլեկտրական գծերը, ինչպես նաև նախատեսվում է կառուցել նոր ջրագիծ:

Նշենք, որ պետական բյուջեից պատմամշակութային հուշարձանների վերականգման և նախագծման համար գումարներ տրամադրվում են սկսած 2004թ.-ից, ինչի արդյունքում տարեկան վերանորոգվում է 12-14 պատմական արժեք ներկայացնող հուշարձան: Պետբյուջեից տրամադրվող գումարի չափը տարեցտարի աճում էր, սակայն այս տարի նվազել է. 2004 թ. այն եղել է 50 մլն. դրամ, 2005 թ.` 530 մլն դրամ, 2006 թ.` 720 մլն դրամ, 2007 թ` 660 մլն դրամ: Ավելի վաղ պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը նշել էր, որ բացի պետբյուջեից, գումարներ են տրամադրում նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, բարեգործական ֆոնդեր ու անհատներ: Նրա խոսքով, իրենք ամեն տարի մոնիտորինգի են ենթարկում հուշարձանները, և դրանց միջից ընտրում են ամենավատ վիճակում գտնվողները:
Նշենք, որ Հայաստանի տարածքում կառավարության կողմից հաստատված հուշարձանների ցանկում ընդգրկված է 24.200 հուշարձան, որոնց 40%` հանրապետական, 60%-ը տեղական նշանակության են:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց