16:34 04/02/2009 » Տնտեսություն

ADC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ՓԲ ընկերությունն ուրախ է հայտարարելու, որ հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիաների (ՀՄՏ) ոլորտում մասնագիտացած «Դելտա Փարթներս» ինտեգրացված կառավարման խորհրդատու և ներդրումային ընկերությունը միանալու է ADC-ին՝ ընկերության գործունեության, ինչպես նաև հայկական հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման նպատակով։ Մամլո հաղորդագրության համաձայն, «Դելտա Փարթներս» ընկերությունը կատարում է ներդրում ADC ընկերության կապիտալում 6 միլիոն դոլարի չափով՝ նպատակ ունենալով զարգացնելու և ընդլայնելու ինչպես ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթը, այնպես էլ ծառայությունների մատուցման աշխարհագրային ծածկույթը: «Դելտա Փարթներս» ընկերության ներդրումը և մասնագիտական փորձը հնարավորություն կընձեռի ADC ընկերությանը ամրապնդելու իր դիրքերը բնակարանային բաժանորդների շուկայում՝ առաջարկելով ինտեգրված ծառայություների փաթեթ։ Ընդլայնումը իրականացվելու է ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ երկրի հյուսիսային մասում գտնվող այլ քաղաքներում։ ADC ընկերության ցանցը և ծառայությունները կընդլայնվեն ելնելով շուկայական պահանջարկից և նոր ծառայությունների առաջարկի վերաբերյալ օգտագործողների հավանության ցուցանիշից։

Հայաստանյան շուկայի պահանջարկի բավարարմանը ծառայելով՝ ADC-ն շարունակելու է IP/MPLS համակցման տեխնոլոգիայի վրա հիմնված իր գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի և վիրտուալ անսահմանափակ հզորությունների ընդլայնումն ու շահագործումը: «Դելտա Փարթներս» ընկերության հետ միասին ADC ընկերության ընդլայնված աշխատակազմը կապահովի, որպեսզի ADC ընկերությունը պահպանի իր առաջատար դիրքերը և շուկայի նոր նպատակային սեգմենտներում ձեռք բերի ծառայությունների մատակարարման զգալի բաժնեմաս։

««Դելտա Փարթներս» ընկերության ներգրավումը ADC ընկերության բաժնետիրական կառուցվածքում հզորացնում է մեր ընկերության կարողությունները առավել արագ արձագանքելու և բավարարելու շուկայի պահանջներին՝ առաջարկելով ավելի լայն ցանցային ծածկույթ և նոր ծառայությունների փաթեթ։ Ցանցի ընդլայնմանը համընթաց կապահովվի բարձրակարգ որակ աշխատանքային բոլոր փուլերում»,- հայտարարել է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը։

«Դելտա Փարթներս» ընկերության տնօրեն-բաժնետեր Քրիստոֆ Փյուլինքսն ասել է. «Մեր ինտեգրացված բիզնես մոդելը հնարավորություն է տալիս մեզ, ներդրումային յուրաքանչյուր փուլում, առաջարկելու գործնական մոտեցում՝ հիմնված մասնագիտական հմտությունների և փորձառության վրա: Հայաստանի շարունակական տնտեսական աճը հնարավորություն է տալիս ADC ընկերության նման հեռահաղորդակցության օպերատորներին հանձնառնել շուկայի պահանջների բավարարման գործը։ Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել ADC ընկերության հետ և տրամադրել ռազմավարական խորհրդատվություն: Դա կնպաստի հայկական հեռահաղորդակցության շուկայի ենթակառուցվածքի հետագա ընդլայնմանը և նոր ծառայությունների զարգացմանը, որոնք էլ թույլ կտան ձեռք բերել բիզնեսի նոր և զգալի հնարավորություններ»:

ADC ընկերութան կապիտալում ներդրում կատարելը համապատասխանում է «Դելտա Փարթներս Հեռահաղորդակցության Հիմնադրամի» նպատակներին, որը հանդիսանում է մասնավոր ներդրումային հիմնադրամ և հիմնականում ներդրումներ է անում հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիաների ոլոտրում աշխատող ընկերություններում։ «Դելտա Փարթներսի» մասնավոր կապիտալի բիզնեսի միջոցով ընկերությունը նպատակ ունի ապահովելու բարձր եկամուտներ ինչպես հիմնադրամի ներդրողների, այնպես էլ տարբեր փայատեր ընկերությունների բաժնետերերի համար։ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ Ընկերությունը հանդիսանում է 4-րդ ընկերությունը, որտեղ «Դելտա Փարթներսը» կատարել է ներդրում։

Տեղեկացնենք, որ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին: Ընկերությունը ստեղծել և շահագործում է Երևան քաղաքում լայնածավալ օպտիկամանրաթելային ցանց և ունի կորպորատիվ բաժանորդների զգալի քանակ։ Գերժամանակակից IP/MPLS տեխնոլոգիայի վրա հիմնված ADC ընկերության ցանցն ունի ավելի քան 400 կմ երկարություն։ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության կոմերցիոն առաջարկը մշակված է` բավարարելու էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների հարաճուն պահանջարկը և զարգացնելու ժամանակակից ու ապագա պահանջներին բավարարող ցանցային լուծումներ: Շնորհիվ իր շարունակական ներդրումային ռազմավարության` ADC-ն անընդհատ զարգացնում և ընդլայնում է իր ծառայությունները՝ շուկայական պահանջարկին համապատասխան։ Ընկերությունը որդեգրել է իր ցանցի տարածքային ընդլայնման քաղաքականությունը, ըստ որի ցանցը շարունակում է ընդարձակվել դեպի նոր տարածքներ, իսկ ծառայությունների փաթեթը համալրվելու է նոր գործառույթներով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց