Երևանում բացվել է հոբելյանական Armenia Expo 2010 ունիվերսալ ցուցահանդեսը

18:14 03/09/2010 » Տնտեսություն

Երևանում բացվել է հոբելյանական Armenia Expo 2010 ունիվերսալ ցուցահանդեսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Armenia Expo 2010 ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական հոբելյանական տասներորդ ցուցահանդեսի բացմանը, որը անցկացվելու է մինչև սեպտեմբերի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսին ներկայացվել է Հայաստանի ողջ արդյունաբերական պոտենցիալը:

Ցուցահանդեսի բացման առթիվ մասնակիցներին շնորհավորելով` վարչապետը նշել է, որ այն արդեն տասներորդ անգամ է անցկացվում և նպատակաուղղված է Հայաստանի ու այլ երկրների գործարարների միջև հարաբերությունների բարելավմանը: «Մեզ համար կարևոր է պահպանել ցուցահանդեսի միջազգային վարկանիշը, ինչը հնարավորություն կտա բարենպաստ բիզնես-մթնոլորտ ստեղծել Հայաստանում»,-ասել է վարչապետը:
Նա նկատել է, որ ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն ֆորումներ, կլոր սեղաններ, որոնք թույլ կտան նաև կոնկրետ ոլորտներում ներդրումներ գրավել:

«Վստահ եմ, որ այս միջոցառումը կբերի դրական արդյունք և մենք հնարավորություն կունենանք համագործակցության նոր առաջարկների, տնտեսական ձեռքբերումների ու զարգացման հետ ծանոթանալ»,-ասել է երկրի կառավարության ղեկավարը:
Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Կարեն Ղազարյանը նշեց, որ այս ֆորումն արդեն ավանդույթ է դարձել: «Շոգ ամառվանից հետո այսօր միանգամից հասարակությանն է ներկայացվում տնտեսության տարբեր ոլորտներ: Մենք հույս ունենք, որ կներգրավվեն նոր ներդրողներ, նոր համագործակցություններ կլինեն»,-ասաց Ա. Ղազարյանը:

Նկատենք, որ Հայաստանում անասնապահության զարգացման համար երկիր են բերվել շվեյցարական ցեղական ցուլեր, որոնք իրենց մասին հիշեցրել են թե վարչապետի, թե արդյունաբերողների ու գործարարների միության նախագահի ելույթների ժամանակ:
Ֆորումի շրջանակներում կընթանան միջանկյալ 9 ֆորոմներ` տարբեր ոլորտներում:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են LOGOS EXPO Center –ն ու Հայաստանի արդյուաբերողների ու գործարարների միությունը: Ցուցահանդեսին մասնակցում են տեղական և արտասահմանյան ավելի քան 150 կազմակերպություններ` աշխարհի 14 երկրներից` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Գերմանիայից, Վրաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Լեհաստանից և Իտալիայից:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց