ՀՀ փոխվարչապետն ու ԼՂՀ վարչապետը քննարկել են համագործակցության հետագա զարգացման հարցեր

17:56 03/09/2010 » Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետն ու ԼՂՀ վարչապետը քննարկել են համագործակցության հետագա զարգացման հարցեր

Այսօր` Հայաստան վերադառնալուց առաջ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:

Հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում ամփոփվեցին տարածքային կառավարման ոլորտում, ՀՀ մարզերի ու ԼՂՀ վարչական շրջանների միջև համագործակցությանն ուղղված ծրագրերը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց գործակցության ներկա մակարդակից և միաժամանակ կարևորվեց նշված ոլորտներում համագործակցության շարունակականությունը:

Քննարկվեցին նաև այլ բնագավառներում փոխգործակցության զարգացման և ընդլանման հնարավորությունները: Հաշվի առնելով, որ գյուղատնտեսության ոլորտը գտնվում է երկու կառավարությունների ուշադրության կենտրոնում և երկու հանրապետություններում իրականացվում են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր` Ա. Գևորգյանն ու Ա. Հարությունյանը քննարկեցին ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում և Արցախում իրականացվող գյուղատնտեսական զարգացման ծրագրերի համադրման և համատեղ իրականացման հնարավորությունները:

Մասնավորապես նշվեց, որ թե Հայաստանի, թե Արցախի գյուղացիական տնտեսությունների շրջանում տարեցտարի աճում է հետաքրքրությունը ծխախոտագործության նկատմամբ, և օգտակար համարվեց Արցախում Հայաստանի մարզերի փորձի կիրառումն ու վերջիններիս աջակցությունն Արցախում ծխախոտագործության զարգացմանը:

Առանձին քննարկման առարկա դարձան խաղողի մթերման կազմակերպման գործընթացին, ինչպես նաև գինեգործության զարգացման ծրագրերին, արտահանման խրախուսմանն ուղղված համատեղ քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի և ԼՂՀ-ի պետական կառույցների միջև ուղիղ համագործակցության հաստատման անհրաժեշտությունը: Նրանք կարևորեցին այսօր Ստեփանակերտում «Հայաստանի ազգային արխիվ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջև ստորագրված համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը և հույս հայտնեցին, որ երկու երկրների գործընկեր գերատեսչությունների միջև նմանատիպ կապերի ստեղծումը շարունակական կլինի:

Փոխվարչապետի հետ ԼՂՀ այցելած ՀՀ յոթ մարզերի ղեկավարներն այցի ընթացքում հնարավորություն ունեցան ԼՂՀ գործընկեր վարչական շրջաններում ամփոփել ընթացիկ տարում իրականացված միջոցառումները և համագործակցության արդյունքները, ինչպես նաև նախանշել առաջիկա անելիքներն ու միջոցառումները:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց