12:49 07/09/2010 » Տնտեսություն

Մեկնարկում է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացման ծրագիրը

Հայաստանում մեկնարկում է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացման ծրագիրը, որը կիրականացվի նորվեգական Norsk Energi և հայկական «Հիդրոէներգետիկա» ընկերութունների սերտ համագործակցության ներքո: Ծրագրի իրագործմանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարությունները, «Էներգիայի վերականգման ծրագիրը», ԵՊՃՀ-ն:

Ինչպես նկատեց Gaukdal Consult ընկերության նախագահ Էն Էլեն Հելսեթը, ծրագիրը կիրագործվի 4 ամսում, իսկ ֆինանսավորումը, որի մեծամասնությունը կտրամադրի Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, կկազմի 180 հազար եվրո: Ֆինանսավորման մի մասն էլ ընկնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վրա, սակայն, թե որքան է կազմում այդ գումարը, Հելսեթը չի ցանկացել նշել:

Ծրագրի իրագործման հայ-գերմանական ֆոնդի ղեկավար Գևորգ Թումանյանի խոսքով, փոքր ՀԷԿ-ի ֆինանսավորման ծրագիրը սկսվել է 2006 թվականին: Առաջին փուլում ծրագրի գործընկերներն են եղել 6 կոմերցիոն բանկեր, այս` երկրորդ փուլում, կմասնակցեն 16 բանկեր, որոնք փոքր ՀԷԿ-երին տրամադրում են 12 տոկոս տոկոսադրույքով, 12 տարի մարման ժամկետով, որից 2 տարին արտոնյալ: Տոկոսադրույքները տրամադրվում են բացառապես դրամով:

Ինչպես նկատեց էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրությունից միայն 5 տոկոսն է ընկնում փոքր ՀԷԿ-երին: Այս ոլորտում առաջընթաց է նկատվում, և վերջին 5 տարվա ընթացքում փոքր ՀԷԿ-երի միջոցով էներգիայի արտադրությունը կրկնապատկվել է: Նախարարության կանխատեսումների համաձայն, մինչև 2020 թվականը փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրած էներգիայի ծավալը ընդհանուր ներքին պահանջարկի 10 տոկոսին կհասնի:

Իր հերթին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ողջունելով ծրագրի մեկնարկը նշեց, որ այն կնպաստի հիդրոէներգետիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների ուսուցմանը, իսկ այդ մասնագետների կարիքը Հայաստանում մեծ է: Լավագույն ուսանողները ծրագրի շրջանակներում կկարողանան պրակտիկա անցնել ու աշխատանք ձեռք բերել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց