Մեկ աստիճանի իջեցում` մրցունակության վարկանիշում

17:39 09/09/2010 » Տնտեսություն

Մեկ աստիճանի իջեցում` մրցունակության վարկանիշում

Համաշխարհային տնտեսական ֆորումի 2010-2011 թվականների հաշվարկի համաձայն, Հայաստանը մեկ սանդղակով իջել է մրցունակության վարկանիշային ցուցակում: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը, այս տարի Հայաստանը 3,76 ինդեքսով գտնվում է 98-որդ տեղում 139 երկրներից: Անցյալ տարի Հայաստանը 3,71 ինդեքսով զբաղեցրել է 133 երկրներից 97-րդ տեղը:

Նրա խոսքով, այս տարի Հայաստանի մոտ գրանցվել է ցուցանիշների անկում, ինչն էլ պայմանավորված է մեկ շնչի համար նախատեսված ՀՆԱ-ի անկումով: Նա նշեց, որ չնայած հավաքած բալերի հստակ աճին, վարկանիշային սանդղակում Հայաստանը փոքր-ինչ զիջել է իր դիրքը:

Մրցունակության տեսանկյունից` 2010-ին Հայաստանը կրկին վերադարձել է զարգացման անցումային փուլին, որը գտնվում է ռեսուրսների ու արտադրողականության վրա հիմնված փուլերի միջև: Զգալի աճ է նկատվել առողջապահության ոլորտում, նաև նախակրթական ու բարձրագույն կրթության ոլորտում: Միևնույն ժամանակ Հայաստանը ետ է մնացել մակրոտնտեսական կայունության հարցում, ինչը պայմանավորված է պետբյուջեի բալանսի և պետական պարտքի բացասական աճով:

Հայաստանի մրցակցության հիմնական առավելություններից է աշխատանքային շուկայի կարգավումը, բիզնեսի հիմնելու համար գործընթացների քանակը: Հիմնական անհանգստությունը կրկին կապված է հակամենաշնորհային քաղաքականության ոչ բավարար էֆեկտիվությամբ: Հայաստանն արդեն մի քանի տարի մասնակցում է այս վարկանիշում, և տնտեսության այս բացթողումը միշտ նշվում է ՀՏՖ-ի զեկույցներում: Բացթողումների թվում է նաև շուկայում իշխող խմբերի առկայությունը, տեղական մրցունակության ինտենսիվությունը, ղեկավարման դպրոցների որակը, ներքին շուկայի չափն ու այլն:

Նշենք, որ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես զիջել են իրենց դիրքերը վարկանշային ցուցակում, համապատասխանաբար, իջնելով 6 սանդղակ` 57-րդ տեղ և 3 սանդղակ` 93-րդ տեղ: Ռուսաստանի դիրքը չի փոխվել և նա կրկին զբաղեցնում է 63-րդ տեղը:
Աշխարհի ամենամրցունակ երկիրը կրկին Շվեյցարիան է ճանաչվել: Նրան է հաջորդում Շվեդիան, որը չորրորդ տեղից երկրորդն է բարձրացել: Լավագույնների հնգյակը լրացնում են Սինգապուրը, ԱՄՆ-ն և Գերմանիան:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց