Հավանության է արժանացել Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը

14:20 17/02/2011 » Տնտեսություն

Հավանության է արժանացել Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը: Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ռազմավարությունը իրենից ներկայացնում է էկոնոմիկայի նախարարության մոտեցումները: Հայեցակարգը կոչված է ներկայացնելու Հայաստանում ինովացիոն համակարգի ձևավորման ռազմավարության տեսլականը:

Ըստ նրա, նախագծի մշակումը պայմանավորված է երկրի` գիտաինովացիոն տնտեսության մոդելին անցնելու նպատակով մարդկային ռեսուրսների, հետազոտությունների և մշակումների, մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածքի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական հասարակության շարունակական զարգացմանն ուղղված ռազմավարական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ` միաժամանակ ներկայացնելով դրանց իրականացմանն աջակցող գործիքները և ակնկալվող արդյունքները:

Նախագծում ներառված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ իրականացվող համակարգաստեղծ նախաձեռնությունները, ինչպես նաև ինովացիոն համակարգի ձևավորումն ապահովող իրավական դաշտի, բիզնես կարողությունների, կրթության, ինովացիոն և ֆինանսական ենթակառուցվածքի զարգացմանն ու բարեփոխմանն ուղղված այլ նախագծեր:

Տ.Դավթյանը նշեց, որ հայեցակարգի նախագիծը մշակվել է միջազգային փորձի հիման վրա, միաժամանակ` հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտի յուրահատկությունները: Ըստ նրա, նախագիծը շարունակաբար զարգացող փաստաթուղթ է. իրագործման ընթացքում այն կընդլայնվի` իր մեջ ներառելով տնտեսության բոլոր ոլորտներում իրականացվող ինչպես քաղաքականության, այնպես էլ ինստիտուցիոնալ ինովացիոն նախագծեր` այսպիսով դառնալով փոխկապակցված ռազմավարական միջոցառումների փաթեթ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց