Շուկայում վաճառվել է սատկած ձիու միս

15:23 26/12/2011 » Տնտեսություն

Շուկայում վաճառվել է սատկած ձիու միս

Ուսումնասիրություն է կատարվել Երևանի Կոմիտասի և Գումի շուկաներում, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում` սատկած խոշոր եղջերավոր անասունների և ձիու մսի վաճառք: Այս մասին նշեց  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, ներկայացնելով տոնական շրջանում շուկայում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները:


Նրա խոսքերով՝ ընդհանուր տուգանքի չափը գերազանցում է 2 մլն դրամը, որից ամենաշատը` 400 հազարը բաժին է ընկել ձիու միս վաճառողին: Ըստ Պիպոյանի` ստուգումների ընթացքում խատումները բավական շատ են եղել, մասնավորապես՝ ուսումնասիրությունների արդյունքում հայնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի ու ոչ սառնարանային պայմաններում մսի վաճառք:

Ուսումնասիրություն է կատարվել նաև Գյումրիում, որտեղ, ըստ նրա, ձիու միս չի վաճառվել, բայց վաճառվել է միս, որը պետք է ջերմային մշակման ենթարկվեր:

Բ.Պիոպոյանը նշեց նաև, որ սառեցրած մսերը նույնպես զերծ չեն մնացել ստուգումներից. շուկայում ուսումնասիրվել է սառեցված միսը, որն ունեցել է սերտիֆիկատ: Սառեցված ապրանքն ունի մեկ տարի պահպանման ժամկետ: Խնդիրն այն է, թե դա արդյոք ժամկետի մե՞ջ է, թե՞ ժամկետանց: Ավելի շատ խախտումներ են արձանագրվում այն դեպքերում, երբ սառեցված միսը փորձում են վաճառել որպես թարմ միս:

Բանախոսը նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են իրականացրել խոշոր սուպերմարկետներում`պարզելու զեղչերի շրջանում վաճառվող միսը ժամկետա՞նց է, թե ոչ: «Զեղչերի ժամանակ սուպերմարկետներում մսի ժամկետների հետ կապված խախտումներ չեն արձանագրվել», - ասաց նա:

Անդրադառնալով օղիներին` Պիպոյանը նշեց, որ իրենք այս շուկայում ուսումնասիրություն չեն իրականացրել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում կան օղիներ, որոնք արտաքուստ միմյանց շատ նման են:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց