Արմեն Պողոսյան. «Մեր եկամուտները չեն հասցնում գնաճի ետևից»

15:49 06/02/2012 » Տնտեսություն

Արմեն Պողոսյան. «Մեր եկամուտները չեն հասցնում գնաճի ետևից»

«Մեր եկամուտները չեն հասցնում գնաճի ետևից: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ անցած տարի գնաճը կազմել է 4,7%, սակայն սննդամթերքի գներն ավելի հարաճուն տեմպերով են աճել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ միսը թանկացել է 10%-ով, կաթնամթերքը՝ 7%-ով, բուսական յուղը՝ 12%-ով, իսկ ռեկորդը շաքարավազինն է` 35%:

Ըստ Ա.Պողոսյանի՝ գնաճը բնական երևույթ է, բայց դրա հետ միաժամանակ եկամուտները պետք է ավելանան, որպեզի գնաճը չանդրադառնա մարդկանց վրա: Քաղաքակիրթ երկրներում 3-4% գնաճի դեպքում մարդկանց եկամուտներն աճում են 5-7%-ով, այսինքն՝ այդ գնաճը չի անդրադառնում մարդկանց կենցաղի վրա:

«Գնաճի բարձր տեմպերի պատճառը շուկայի գերկենտրոնացումն է: Ինչ պետք է սպասել, երբ, օրինակ, շաքարը 98%-ով կենտրոնացած է մի մարդու ձեռքին, իսկ մնացած երկու տոկոսն էլ էլի նույն մարդն է ներկրում, բայց ուրիշ ազգանունով»,- ասաց Ա. Պողոսյանը:

Ըստ նրա՝ գնաճը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային ծախսերի հետ: Նրա խոսքերով՝ առաջնահերթությունները ճիշտ չի ընկալում կառավարությունը. նախաձեռնել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, որի համար պետք է 1 մլրդ դոլարից ավելի վարկային միջոցներ ներգրավեն, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է 260 կմ Վրաստանից Հայաստան մտնող ճանապարհը կրճատել Վանաձոր-Ֆիոլետովո հատվածով` հասցնելով 31 կմ-ի:
Ա.Պողոսյանը նշեց նաև, որ երկրի տնտեսության համար կարևոր է էլեկտրական հիմքով տրանսպորտը, մետրոյի զարգացումը, սակայն Հայաստանում այն գտնվում է հոգեվարքի մեջ: Մինչդեռ, ըստ նրա, մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ, որ ոչ մի այլ երկիր չունի: «Երևանը միակ քաղաքն է, որ մետրոյի կառուցման օրից ի վեր, նոր կայարան չի ավելացել»,- ասաց նա:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց