Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարևորեց Հայաստանում  ՏՄՊՊՀ դերը

17:02 06/02/2012 » Տնտեսություն

Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարևորեց Հայաստանում ՏՄՊՊՀ դերը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀ/GIZ) հետ համատեղ փետրվարի 3-4-ը Աղվերանում կազմակերպել էր երկօրյա սեմինար-քննարկում` լրագրողների, ՏՄՊՊՀ-ի և GIZ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից, միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը, GIZ-ի հայաստանյան խմբի ղեկավար Իրինա Քաուշը, ինչպես նաև Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը, ով վարում էր սեմինարը:

Իր խոսքում Հանս-Յոխեն Շմիդթը կարևորեց Հայաստանում մրցակցային միջավայրի զարգացումը` նշելով, որ այս հարցում առանձնակի է Հանձնաժողովի դերը: Դեսպանը Գերմանիայի օրինակով նշեց, թե ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում ոչնչացան մենաշնորհային կառույցները` նախադրյալներ ստեղծելով փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Գերմանիայի կառավարության անունից Հանս-Յոխեն Շմիդտը ասաց, որ Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին` իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման գործում` անկախ Եվրամիության Թվինինգ և այլ դոնորների ծրագրերից:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին ինչպես միջոցառմանը մասնակցելու, այնպես էլ ակտիվ համագործակցության և աջակցության համար, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կարևորեց նման ծրագրերի իրականացումը`նշելով, որ Հանձնաժողովի համար կարևորագույն բարեփոխումներն իրականացվել են միջազգային կառույցների, այդ թվում նաև GIZ-ի աջակցությամբ: Խոսքը վերաբերում է հատկապես նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխոււթյուններին, ինչպես նաև Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը: Ա. Շաբոյանը ընդգծեց, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում գերմանական փորձին և ՏՄՊՊՀ օրենսդրությունն այս առումով ևս նմանվել է գերմանական օրենսդրությանը: Ա. Շաբոյանը կարևորեց նաև լրատվամիջոցների դերը` նշելով, որ Հանձնաժողովի նախորդ տարվա արդյունավետ գործունեությանը պայմանավորված էր նաև լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքով:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան խմբի ղեկավար տիկին Իրինա Քաուշը նշեց, որ շուրջ մեկ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստանում իրականացվող մասնավոր տնտեսության խթանման ծրագիրը ու թեև մրցակցության ոլորտը իր համար նոր ուղղություն էր, սակայն համագործակցության սկզբից ի վեր հանձինս ՀՀ ՏՄՊՊՀ-ի տեսնում է հուսալի գործընկերոջ: Տիկին Քաուշը նշեց, որ գերմանացի փորձագետների ներկայությունը կօգնի Հայաստանում ներդնել միջազգային փորձը:

Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը, կոնկրետ օրինակներով սեմինարի մասնակիցներին ներկայացրեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը և կանխարգելող միջոցառումները: Քննարկվեցին Գերմանիայում մեծ հնչեղություն ստացած անբարեխիղճ մրցակցության գործեր, որոնց շուրջ մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:

Նշենք նաև, որ վերոնշյալ սեմինարը կազմակերպվել էր Հանձնաժողովի և գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջև 2011 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց