Վազգեն Սաֆարյան. «101 մլրդ դրամով հարկային հավաքագրումների համար պիտի կրճատել ստվերային տնտեսությունը»

15:24 06/02/2012 » Տնտեսություն

Վազգեն Սաֆարյան. «101 մլրդ դրամով հարկային հավաքագրումների համար պիտի կրճատել ստվերային տնտեսությունը»

2011թ-ին Հայաստանի տնտեսությունում որոշակի առաջընթաց է գրանցվել, մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտում, որի արդյունքում արդյունաբերական ապրանքների ծավալը կազմել է 992 մլրդ դրամ: Այս մասին այսօր լրագրղների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ անցած տարի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը 14.1-ական տոկոսով են աճ արձանագրել, ինչը նա դրական գնահատեց:

Ըստ Վ.Սաֆարյանի՝ այս միտումը շարունակվելու հնարավորություն ունի՝ կապված արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության և արդյունաբերական զարգացման ռազմավարության ընդունման հետ: «Նախորդ տարի 27,7 տոկոսով ավելացել է արդյունաբերական ապրանքների արտահանումը, սա արդեն խոսում է այն մասին, որ եթե 2011-ին արտահանվել է 1,32 մլրդ դոլարին համարժեք ապրանք, ապա այս տարի կարող ենք ակնկալել, որ արտահանումը կկազմի մոտավորապես 1,5 մլրդ դոլար»,-ասաց նա:
Վ.Սաֆարյանը բնական համարեց շինարարության ոլորտի շուրջ 11% անկումը: Ըստ նրա՝ Հայաստանում շինարարությունը հագեցած է, և այսօր նորակառույց շենքերում բնակարանները չեն իրացվում:

Ըստ Վ.Սաֆարյանի՝ նախորդ տարի հարկային մուտքերում եկամտահարկն ու շահութահարկը միասին կազմել են 28,3%, սական, նրա խոսքերով, պետք է դրանք ավելացնել և հասցնել մինչև 50%-ի: Ըստ Վ. Սաֆարյանի՝ բարձր շահութահարկ և եկամտահարկ նշանակում է ռեալ արդյունաբերություն, ռեալ աշխատատեղեր:

«Անցած տարվա տվյալները հուսադրող են հատկապես արդյունաբերության մասով և կարծում եմ, որ այս տարի ավելի լավ ցուցանիշներ կունենանք: Սակայն թերությունն այն է, որ հիմնականում հանքահումքային արտադրանք ենք արտահանում: Պետք է այնպիսի քաղաքականություն տարվի, որ պատրաստի արտադրանք արտահանենք»,- նշեց Վ. Սաֆարյանը:

Նրա կանխատեսմամբ` այս տարին լինելու է լարված: Եւ եթե այս տարի բյուջեով նախատեսվում է 101 մլրդ դրամով ավելացնել հարկային հավաքագրումները, ապա կառավարությունը պետք է առաջին հերթին ստվերային տնտեսությունը կրճատի, որը 60%-ից ավելի է, բացի այդ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է ավելացնել՝ այն պետք է գոնե բարձր լինի 20%-ից:
Բացի դրանից, ըստ Վ.Սաֆարյանի, բյուջեն առավելագույնս պետք է հենվի սեփական միջոցների վրա, հնարավորինս պակասեցվի պակասուրդը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց