Արմեն Գևորգյանը մարզպետների ձեռնարկած միջոցառումներն անբավարար է համարել
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշները: Տեղեկացվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 85,8 տոկոս:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, Ա. Գևորգյանը ևս մեկ անգամ հորդորել է հետևել հավաքագրումների ընթացքին` անբավարար համարելով համայնքների ընթացիկ բյուջեների կատարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Նա ընդգծել է, որ վարչարարության հարցերը գտնվում են ՏԿ նախարարության ուշադրության կենտրոնում:
Ըստ աղբյուրի, քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին և երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն. երկրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 86,5 տոկոս: Երրորդ փուլով ևս արդեն սկսվել են աշխատանքները: Ա. Գևորգյանը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքների` որակով և ըստ նախագծային ծավալի կատարումը:
Մարզպետները տեղեկություններ են ներկայացրել վերջին օրերին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած խնդիրների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն տուժած ենթակառուցվածքների` ճանապարհների, ջրագծերի վերականգնման ուղղությամբ:
Անդրադարձ է եղել նաև ոռոգման խնդիրներին, տեղեկություններ են ներկայացվել մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների մասին:
Նախարարության հաղորդմամբ, մարզպետները բարձրացրել են գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է:
Ա. Գևորգյանը տեղեկացրել է, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում` նշելով, որ առաջիկայում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է առաջարկություն ներկայացնել կառավարությանը` Սևանից ջրառի ծավալն ավելացնելու վերաբերյալ: Միաժամանակ` Ա. Գևորգյանը կոչ է արել մարզպետներին տեղերում հետևել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, և ջուրը մատակարարվի խնայողաբար:
Տեղեկություններ ներկայացվեցին նաև համայնքներում ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման գործընթացի մասին: Ա. Գևորգյանը կարևորեց քաղաքացիներին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում կոմիտեի մարզային ստորաբաժանումների հետ համայնքապետերի համատեղ աշխատանքների իրականացումը:
Հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին և սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերը ևս խորհրդակցության օրակարգում էին: Նշվել է, որ հուլիսի 8-ի ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են, արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Ա. Գևորգյանն ընդգծել է ՏԻՄ ընտրությունների պատշաճ կազմակերպման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր աշխատանքների կատարման կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում