Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը մշակել է տեղական արտադրանքի խթանման և ապրանքանիշերի ձևավորման ծրագիր

20:33 08/08/2012 » Տնտեսություն

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը մշակել է տեղական արտադրանքի խթանման և ապրանքանիշերի ձևավորման ծրագիր

2012թ. առաջին կիսամյակում փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը մշակել է տեղական արտադրանքի խթանման և ապրանքանիշերի ձևավորման ծրագիր, որի նպատակն է տեղական հումքի, աշխատուժի, ավանդույթների և գիտելիքի վրա հիմնված մրցունակ արտադրության խթանումը, ապրանքանիշերի ձևավորումը և նորարարական մոտեցումների կիրառումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

«Տեղական արտադրանքի խթանման և ապրանքանիշերի ձևավորման ծրագրի էությունն այն է, որ առանձին համայնքներ կամ տարածաշրջաններ իրենց ջանքերը միավորեն և ուղղեն այն ապրանքների արտադրությանը, որոնք տվյալ տարածաշրջանում ձևավորված ավանդույթների շնորհիվ բնականից, արդեն, ունեն մրցակցային առավելություններ»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հանրային կապերի և տեղեկատվության բաժնի պետ Սիրանուշ Գյուրջինյանը:

Բացի այդ, աշխատանքների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն նաև տեղական ռեսուրսների հիման վրա նոր տեսակի արտադրություններ հիմնելու հարցերը, որոնք ՀՀ տարածաշրջանների զարգացման համար հանդիսանում են դեռ չբացահայտված հնարավորություններ:

Այդ տեսակետից 2012 թվականին նախատեսված միջոցառումների շրջանակում կշարունակվի «Մեկ գյուղ, մեկ արտադրատեսակ» խորագրով ծրագիրը, որի համաձայն ՀՀ մարզերում կուսումնասիրվեն և կբացահայտվեն առանձին տարածաշրջանների զարգացման համար հեռանկարային տեղական ավանդական կամ նոր տեսակի ապրանքատեսակները, դրանց արտադրության համար պահպանված ավանդույթները, հումքի առկայությունը, բնակլիմայական պայմանները, մարդկանց մասնագիտական հնարավորությունները և մրցունակության համար անհրաժեշտ այլ գործոններ:

Ի դեպ, նշենք, որ դեռևս 2011թ.-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հավանության է արժանացրել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA) ներկայացրած «Տեղական արտադրանքի խթանում, տեղական ապրանքանիշերի ձևավորում» թեմայով տեխնիկական համագործակցության առաջարկը, որի հիմնական նպատակն է տնտեսության զարգացման այդ բնագավառում ճապոնական փորձի ուսումնասիրությունը և ներդրումը Հայաստանում: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը կմեկնարկի ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց