Անգամ եթե բոլոր բանկոմատները դատարկվեն, բանկային համակարգն ունակ է դիմակայելու տարբեր զարգացումներին. ԿԲ-ն` «Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչին
«Անգամ եթե բոլոր բանկոմատները դատարկվեն, բանկային համակարգն ունակ է դիմակայելու և կդիմակայի տարբեր տիպի զարգացումներին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության ու զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը` անդրադառնալով «Դ!ԵՄ ԵՄ» շարժման մասնակիցների հայտարարությանը, որով քաղաքացիներին կոչ է արվում բանկոմատներից կանխիկացնել ունեցած բոլոր գումարները:
Նրա խոսքերով` ՀՀ բանկային համակարգի կապիտալիզացիան բարձր է և մի քանի բանկեր նախորդ տարի էականորեն ավելացրել են իրենց կապիտալը, ինչը լուրջ բուֆեր է համակարգի համար: Բացի այդ, մեր բանկային համակարգը բավականաչափ իրացվելի է և նպատակն է սպասարկել հաճախորդներին:
«Չգիտեմ «Դ!ԵՄ ԵՄ» շարժման հիմնական շարժառիթը որն է բանկոմատները դատարակելու, բայց բանկոմատները դրա համար են, որ մարդիկ կանխիկացնեն իրենց միջոցները: Կարող են հանգիստ կանխիկացնել և, եթե անգամ հազարավոր մարդիկ կանխիկացնեն իրենց գումարները, «ԱրՔա» համակարգը նորմալ կաշխատի, թողունակությունն էլ կբավարարի»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Հարցին, թե համակարգի վրա ինչպե՞ս է ազդում այն, որ ՀՀ քաղաքացիներից շատերը դիմումներ են գրում, որպեսզի կուտակային 5% պահումները չարվեն իրենց աշխատավարձից, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ ՍԴ որոշման համաձայն՝ օրենքը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը: