ՀՀ բնակչության եկամուտներում պահպանվում է արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների մեծ մասնաբաժինը
ՀՀ բնակչության եկամուտներում պահպանվում է արտերկրից ստացվող ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների մեծ մասնաբաժինը: Ըստ ՀՀ ԿԲ հարցումների`արտերկրից փոխանցումներ ստանում են հարցված տնային տնտեսությունների շուրջ 16%-ը:
Ըստ այդմ` վերոնշյալ փոխանցումները էական ազդեցություն են ունենում բնակչության կենսամակարդակի, վարկունակության,
հետևաբար նաև ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա:
ՀՀ կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվություն- 2013թ» հրապարակման մեջ նշվում է, որ 2013 թ. ինչպես սեզոնային աշխատողների զուտ եկամուտները, այնպես էլ զուտ մասնավոր տրանսֆերտները աճել են և կազմել մոտ 1.8 մլրդ ԱՄՆ դոլար` առաջին անգամ գերազանցելով նախաճգնաժամային տարիների մակարդակը:
ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների առաջանցիկ աճի պայմաններում աճել է նաև ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցությունը և կազմել 17.0%, ինչը այլ երկրների համեմատ բավականաչափ բարձր է: Միաժամանակ աճել է նաև բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը (10.8%): Ընդհանուր առմամբ, դրամական փոխանցումների աճը դրական է անդրադարձել տնային տնտեսությունների հատվածից բխող ռիսկերի նվազման վրա: Այնուհանդերձ, փոխանցումների գերակշիռ մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից
(85.9%), ինչը մեծացնում է ՀՀ բնակչության եկամուտների և ֆինանսական համակարգի խոցելիությունը Ռուսաստանի Դաշնության տնտեսության հավանական բացասական զարգացումներից: Մասնավորապես, ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները հիմնականում զբաղված են շինարարության ոլորտում, որտեղ տարվա ընթացքում գրանցվել է 1.5
% անկում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությանը, ապա 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «ՌԴ-ից մեկնելու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին»
դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն այդ փոփոխությունների` 2014թ. հունվարի 1-ից սկսած, ՀՀ քաղաքացիները, ովքեր չունեն աշխատանքային թույլտվություն, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր`
յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Հաշվի առնելով ՌԴ տնտեսության վերաբերյալ միջազգային կառույցների կողմից կատարված գնահատումները և վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները` ՀՀ կենտրոնական բանկը 2014թ. համար կանխատեսել է ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների աճ 7-9% միջակայքում: