Պանիրն ու կաթնամթերքը Հայաստանի համար` «սպիտակ ոսկի»
Կաթի արտադրությամբ պետք է զբաղվեն ոչ միայն տնային տնտեսությունները, այլև խոշոր ձեռնարկությունները, քանի որ Հայաստանը անասնապահության զարգացման համար ունի բոլոր նախադրյալները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքերով` պանիրն ու կաթնամթերքն ընդհանրապես կարող են Հայաստանի համար «սպիտակ ոսկի» դառնալ, քանի որ երկրում կան պանրագործության համար եզակի աշխարհագրական պայմաններ: Մասնավորապես, ըստ սոցիոլոգի, Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները զբաղվելու շվեցարական «Էմենթալ» պանրի արտադրությամբ, որի մեկ կիլոգրամը Եվրոպայում վաճառվում է 50-60 դոլարով: Բացի այդ, Եվրոպայում մեծ պահանջարկ ունեն Հայաստանում արտադրվող որոշ պանրի տեսակներ` «Լոռի», «Չանախ», «Չեչիլ», ինչպես նաև հորած պանիրը: Ա.Ադիբեկյանը գտնում է, որ եթե Հայաստանում վերսկսեն «Էմենթալ» պանրի արտադրությունը, ապա մեր արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ կլինի:
«Այստեղ պետական մոտեցում է հարկավոր: Պետությունը պետք է խթանի պանրի արտադրությամբ ընկերություններին, մատչելի վարկեր տրամադրի, որպեսզի մեր արտադրած պանիրը կարողանանք արտահանել»,- ասաց Ա.Ադիբեկյանը` միաժամանակ հավելելով, որ արտահանման համար ընկերությունները պետք է համապատասխան սերտիֆիկացիա անցնեն, որը արժե 100-150 հազար դոլար:
«Ուստի այստեղ պետության աջակցությունը շատ կարևոր է: Հայկական պանիրը իր համային հատկանիշներով ոչ մի երկրի արտադրած պանրին չի զիջում, բայց մենք չենք կարողանում մեր արտադրանքը ներկայացնել աշխարհին: Ժամանակն է ներկրող երկրից վերածվենք արտահանողի»- ասաց նա:
Ըստ Ա.Ադիբեկյանի` պետությունը ընդհանրապես պետք է լիցենզավորի և ապահովագրի գյուղատնտեսությունը, իսկ ապահովագրություն ստացած գյուղացիներն էլ պետք է պարտավորվեն և որակյալ արտադրանք տան: Բացի այդ, սոցիոլոգը գտնում է, որ պետությունը պետք է միջամտի գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես` կաթի գներ կարգավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում