Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2014 թվականի առաջին կիսամյակում ավելին է եղել, քան ժամանողներինը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2014թ. հունվար-հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 867 869 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 693 493 ուղևորի համեմատ:
Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 413 213 մարդ` 2013 թվականի 330484-ի դիմաց, իսկ հունվար-հունիսին մեկնել է 454 656 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 91647-ով ավելի է:
Հունվար-հունիսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 5327 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվար-հունիսին` 5245 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 3413 տոննա բեռ (2013թ-ին՝ 3185 տոննա), ներկրվել` 1914 տոննա բեռ (2013թ-ին՝ 2060 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար-հունիսին կազմել է 4944` 2013թ-ի 3846-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա հունվար-հունիսին Հայաստան է ժամանել 8303, մեկնել` 11 237 մարդ: