Կտրուկ աճած ու նվազած հարկեր. «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերի աճը` զուտ թանկացումների արդյունք
Հայաստանի խոշոր հազար հարկատուներն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե են վճարել 325 միլիարդ 932 միլիոն 772 հազար դրամի հարկեր: Անցած տարի նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուները վճարել էին 313 միլիարդ 804 միլիոն 208 հազար դրամի հարկեր:
Ցուցակը գլխավորող «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են չորսուկես միլիարդ դրամի չափով և կազմել 23 միլիարդ 966 միլիոն 906 հազար դրամ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ սպառողին մատակարարվող գազի սակագինը բարձրացավ անցած տարվա երկրորդ կեսից, ապա կարելի է ասել, որ «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերի աճը զուտ թանկացումների արդյունք է: Ի դեպ, «Գազպրոմ Արմենիան» այս տարվա առաջին եռամսյակում արդեն վճարել էր 17 միլիարդ 738 միլիոն դրամի հարկեր, այսինքն երկրորդ եռամսյակում այս ընկերությունն 6 միլիարդից մի փոքր ավել հարկեր է վճարել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունը անցած տարվա համեմատ ավել է վճարել 3 միլիարդ դրամից մի փոքր պակաս հարկեր, որոնց ընդհանուր չափը կազմել է 9 միլիարդ 606 միլիոն 466 հազար դրամ:
Ամենախոշորներից «Ղ-Տելեկոմի» (ապրանքանիշը «Վիվասել») այս տարի վճարած 10 միլիարդ 239 միլիոն դրամի հարկերը անցած տարվա ցուցանիշից պակաս են մոտ մեկ միլիարդ դրամով:
Ամենամեծ անկումը արձանագրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը անցած տարի պետբյուջե էր վճարել 12 միլիարդ 841 միլիոն դրամի չափով հարկեր: Այս տարվա առաջին կիսամյակում Քաջարանի կոմբինատն անցած տարվա ցուցանիշի կեսից էլ պակաս հարկեր է վճարել` 6 միլիարդ 21 միլիոն դրամ: