Մսամթերքի, կաթնամթերքի, հրուշակեղենի, հացամթերքի գներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ նվազել է 13.8%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 3.8%-ով: Ըստ դիտարկում անցած 10 քաղաքների ցուցանշի` 2014թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է ձվի 16.3-1.1% գնանկում, իսկ մեկում՝ 3.3% գնաճ:
Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.7%-ով:
2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.3% գնաճ, իսկ 2014թ. հունիսի համեմատ` 0.6% գնանկում՝ հիմնականում պայմանավորված «Չանախ» պանրատեսակի` 2.2% գնանկումով:
Շաքարավազի գինը նույնպես 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ նվազել է 11.5%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 0.3%-ով:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ գրանցվել է 4.0% գնանկում, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.6% գնաճ: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի 4.3% գնաճի արդյունք է:
2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.0%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 1.1% և 10.9% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 10.2%, աղացած մսի՝ 2.5%, ոչխարի մսի՝ 1.7% գնանկում:
2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ հրուշակեղենի և այլ մթերքի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 5.0% և 4.1%, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.0% և 1.3% գնաճ:
Ոգելից խմիչքի և ծխախոտի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0.1-0.4% գնաճ: