Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում 47 հազար կին աշխատանք է փնտրում
Զբաղվածության պետական գործակալության տվյալներով` հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 65.2 հազար: Նրանցից 47.0 հազարը կանայք են, 16.0 հազարը` երիտասարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 4.9%-ով (68.4 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ փոփոխության չի ենթարկվել:
Գործակալությունից հայտնում են, որ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.4%-ը կամ 62.2 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5.8%-ով (58.8 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ աճել է 11.1%-ով (56.0 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.7%-ը կամ 45.2 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.4%-ը կամ 15.2 հազ. մարդ:
2014թ. հուլիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 3123 գործազուրկ, որոնցից 2160-ը կանայք են, 453-ը` երիտասարդ: 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 5199 աշխատանք փնտրող, որից 3130-ը` կին և 1754-ը` երիտասարդ:
Հունիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2249 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերից 1215-ը բանվորական է, իսկ 1034-ը` ծառայողական: Հունիս ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից լրացվել է 356-ը, իսկ թափուր աշխատատեղերից 1481-ը կրկնվող են (կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով):
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բժիշկների (մարզերում), բուժքույրերի, տնտեսագետների, ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների, դաստիարակների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, վարսահարդարների, սարքավորումների և համակարգչային օպերատորների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, որմնադիրների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, ատաղձագործների, եռակցողների և բանվորական այլ մասնագիտությունները:
Նախորդող հրապարակում՝
Աշխատանք փնտրողների թիվը նվազել է. Աշխատաշուկայի իրավիճակը հունիսի 1-ի դրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ