«Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կկառուցվի ոչ թե 400՝ այլ 500 մեգավատ լարման հզորությամբ»
Այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ընթացքում քննարկել են և պայմանավորվել են նաև հաջողությամբ շարունակել Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության և արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր կամրջի շինարարության աշխատանքները:
Անդրադառնալով հայ-վրացական էներգետիկ համագործակցությանը՝ երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները տեղեկացրել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կառուցել ոչ թե 400՝ այլ 500 մեգավատ լարման հզորությամբ, ինչը կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հնարավորություն։ Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի:
ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ` երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի:
Զրուցակիցները քննարկել են նաև Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների գործարկման, ինչպես նաև մշակութային բնագավառում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Վրաստան:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Նախորդող ներություններ`
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն ամփոփեցին հանդիպման արդյունքները
Վրաստանի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր