Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում կանցկացվի հոկտեմբերի 11-31-ը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում 2014թ. աշնանն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման Երևան քաղաքի հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկություններ է ներկայացրել ԳՀՀ-ի անհրաժեշտության, նպատակների, Երևանում ԳՀ հաշվառման իրականացման մեթոդների և ժամկետների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննարկվել է այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների հետ համագործակցության և նրանց կողմից աջակցության հարցը: Մասնավորապես, ԱՎԾ նախագահ Ս. Մնացականյանը տեղեկացրել է, որ գործընթացի կազմակերպման համար Երևանում անհրաժեշտ կլինի ստեղծել հաշվառման և հրահանգչական 107 տեղամաս և այս հարցում ակնկալել է վարչական շրջանների ղեկավարների աջակցությունը:
Հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանն առաջարկել է անհրաժեշտ տարածքների ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ կզբաղվեն տեղամասերի համար համապատասխան տարածքների տրամադրման հարցերով և կաջակցեն գործընթացին:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ԳՀՀ–ի իրականացման աշխատանքներում համապատասխան աշխատակիցների ընդգրկման հարցին: Նշվել է, որ նախնական տվյալներով կպահանջվի ներգրավել շուրջ 688 աշխատակից:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորել է ԳՀ հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների կազմակերպված իրականացումը և այս առումով ընդգծել է պատասխանատու բոլոր կառույցների համակարգված աշխատանքի կարևորությունը: Նա Երևանի վարչական շրջանների ղեկավարներին առաջարկեց յուրաքանչյուր վարչական շրջանում նշանակել գործընթացը համակարգող պատասխանատու պաշտոնյա և վստահեցրեց, որ թե ԱՎԾ-ի, թե հանձնաժողովի կողմից մեթոդական, կազմակերպչական աջակցություն կցուցաբերվի:
Համաձայն ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 –Ն որոշման` Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառում կանցկացվի 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: Հայաստանում այն անցկացվում է առաջին անգամ, ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձևավորել տվյալների համակարգ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:
Նիստին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ՀՀ ոստիկանության Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ ԱՎԾ ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին