Տնտեսական աճը 2014 թ. կգտնվի 3.6-4.2%-ի միջակայքում. Կենտրոնական բանկ
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն` կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը ձևավորված համեմատաբար ցածր մակարդակից աստիճանաբար կաճի` տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում, իսկ 2015 թ. առաջին եռամսյակի վերջում կմոտենա նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կտատանվի դրա շուրջ: Այս մասին նշված է Կենտրոնական բանկի հրապարակած Գնաճի հաշվետվությունում:
Ըստ ԿԲ-ի` տնտեսական աճը կարագանա 2015 թ. և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կկայունանա իր ներուժի շրջակայքում:
Հաշվետվության համաձայն` 2014 թ. երկրորդ եռամսյակում ևս պահպանվել է տնտեսական ցածր ակտիվության միջավայրը` պայմանավորված արտաքին և ներքին թույլ պահանջարկով: Վերջինս իր հերթին արտահայտվել է մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղ վերականգնմամբ և ներդրումային թույլ ակտիվության պահպանմամբ. 2014 թ. Երկրորդ եռամսյակում մասնավոր սպառման աճը գնահատվել է տ/տ 4.1%, իսկ մասնավոր ներդրումների աճը` տ/տ 5.4%:
Ցածր պահանջարկն անդրադարձել է արդյունաբերության ու շինարարության ճյուղերի թողարկման ծավալների ցածր աճի վրա, իսկ գյուղատնտեսության ճյուղում, պայմանավորված բնակլիմայական վատ պայմաններով, դիտվել է թողարկման ծավալներիª սպասվածից ցածր աճ, ինչը ևս խոչընդոտել է տնտեսական ակտիվությանը: Արդյունքում, ակնկալվում է, որ առաջին կիսամյակում տնտեսական աճը կգտնվի տ/տ 3.4-3.6% միջակայքում:
Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն` ակնկալվում են մասնավոր սպառման աճի տեմպերի արագացում և ներդրումային կայուն միջավայր, ինչի պարագայում 2014 թ. մասնավոր սպառման աճը կկազմի 4.0%, իսկ մասնավոր ներդրումներինը` 1.8%: Տարվա ընթացքում նախատեսվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 0.3 տոկոսային կետ ընդլայնող:
2014 թ. արդյունքներով` ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճը կգտնվի 2.0-4.0%, ներմուծման իրական աճը` 1.5-3.5% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը կկազմի 1.0-3.0%: Արդյունքում` տնտեսական աճը 2014 թ. գնահատվում է 3.6-4.2% (կանխատեսման կենտրոնական արժեքը` 3.9%)` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի ցուցանիշների աճով (ընդհանուր նպաստումը` 2.9 տոկոսային կետ):
Կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճը որոշ չափով կարագանա և կկայունանա իր ներուժի շրջակայքում` պայմանավորվելով մասնավոր սպառման աճի տեմպերի արագացմամբ և մասնավոր ներդրումների դանդաղ տեմպերով վերականգնմամբ: Այսպիսով, կանխատեսվող հորիզոնում մասնավոր պահանջարկի կայունացման և հարկաբյուջետային քաղաքականության ընդհանուր առմամբ չեզոք ազդեցության արդյունքում ներքին պահանջարկի առումով գնաճային միջավայրի ընդլայնում չի ակնկալվում:
Արտաքին հատվածում 2014 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո ավելացել են անորոշությունները: Այս իրավիճակում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազային շուկաներում նկատվել են հիմնականում թույլ գնաճային զարգացումներ: Կանխատեսվող հորիզոնում համաշխարհային տնտեսական աճի դանդաղ վերականգնման տեմպերը կպահպանվեն, որի պայմաններում ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն` կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը ձևավորված համեմատաբար ցածր մակարդակից աստիճանաբար կաճի` տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում:
Տնտեսական աճը կարագանա 2015 թ. և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կկայունանա իր ներուժի շրջակայքում:
Ինչ վերաբերում է արտաքին հատվածին, ապա 2014 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհաքաղաքական զարգացումների ներքո ավելացել են անորոշությունները: Կանխատեսվող հորիզոնում համաշխարհային տնտեսական աճի դանդաղ վերականգնման տեմպերը կպահպանվեն, որի պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներից էական գնաճային ճնշումներ չեն սպասվում: