Այս տարվա երկրորդ կիսամյակում գնաճը որոշակիորեն կավելանա. ԿԲ
2014 թ. երկրորդ կեսից պետական հատվածի աշխատավարձի աճի, ինչպես նաև օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակների ներմուծման պայմաններում գնաճը տարվա երկրորդ կիսամյակում որոշակիորեն կավելանա: Այնուամենայնիվ, ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած Գնաճի հաշվետվության, տարեվերջին դեռևս կպահպանվի ցածր մակարդակում` գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:
Մակրոտնտեսական ձևավորված և ակնկալվող միջավայրին համապատասխան` 2014 թ. երրորդ եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները, որը զուգակցվելով մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների մեղմման և տարվա կտրվածքով ծրագրված ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության հետ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը:
Արդյունքում` տնտեսական ակտիվության տեմպերը առաջիկա ժամանակահատվածում որոշակիորեն կաշխուժանան` նպաստելով միջնաժամկետ հատվածում գնաճի` իր նպատակային մակարդակի շուրջ կայունացմանը:
Կանխատեսված ցուցանիշից գնաճի շեղման ռիսկերն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հատվածում գնահատվում են հավասարակշռված: Ընդ որում, արտաքին հատվածի ռիսկերը հիմնականում պայմանավորված են զարգացող երկրների, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսական զարգացումների հեռանկարների և հումքային ու պարենային ապրանքների շուկաների վրա դրանց հնարավոր ազդեցության փոխանցմամբ:
Ներքին տնտեսությունից եկող ռիսկերը հիմնականում կապված են ներքին պահանջարկի զարգացումների, մասնավորապես` կապիտալ ներդրումների վերականգնման տեմպերի և ՀՀ պետբյուջեի կատարման ընթացքի, ինչպես նաև բնակլիմայական պայմաններից կախված` գյուղատնտեսության ճյուղի զարգացումների հետ: «Նման ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը կարձագանքի համապատասխան քաղաքականությամբ` ապահովելով գնաճի նպատակային մակարդակը միջնաժամկետ հատվածում»,- նշված է հաշվետվությունում: