«Միկա» մարզահամալիրով մարվում է պետբյուջեի նկատմամբ «Արմավիայի» պարտքի մի մասը միայն. Պավել Սաֆարյան
«Միկա» մարզահամալիրի` ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում ամրագրելու մասին որոշումով ամբողջությամբ չի մարում «Արմավիա» ընկերության պարտքը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
Ըստ փոխնախարարի` «Արմավիա»-ն և «Միկա Քորփորեյշն»-ը պետբյուջեին պարտք էին 24 միլիարդ դրամ, այսինքն` այդ գույքով «Արմավիայի» ամբողջ պարտքը չի մարվում, այլ ընդամենը պարտքի մի մասը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը և ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:
Հարցին, թե ինչի արդյունքում է «Արմավիա»-ն այդքան պարտք կուտակել, Պ.Սաֆարյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել:
Փոխնախարարը նշեց, թե օրենսդրության սահմանված կարգով է, որ կամ պետք է աճուրդ հայտարարվի ու գույքն իրացվի, կամ, եթե ոչ, պետք է սնանկ ճանաչվի ընկերությունը:
Լրագրողների դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ տարիներ շարունակ այդքան պարտք է կուտակվել, ինչո՞ւ ժամանակին կառավարությունը որևէ քայլ չէր նախաձեռնում պարտքի մարման հարցում, Պ.Սաֆարյանն ասաց, որ կառավարման համակարգի ու գործող օրենսդրության միջոցով արձանագրվում էին այդ պարտքերը:
«Ուրիշ ի՞նչ պետք է աներ Կառավարությունը»,- հարցրեց Պ. Սաֆարյանը և ավելացրեց, որ պարտք է ձևակերպվել ու տույժերի ենթարկել ընկերությունը:
Լրագրողի այն հարցին, թե եթե մի քաղաքացի որոշ ժամանակ չվճարեր հարկերը, ապա պետությունը կդիմեր դատարան` դատական կարգով հարցը լուծելու համար, Պ. Սաֆարյանը համաձայնվեց լրագրողի հետ` ասելով, թե այդ պահը եղել է անցած ամիս և սկսվել է այս գործընթացը:
Հարցին` ինչպե՞ս է տնօրինվելու այդ գույքը, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ անշարժ գույքը ոչ թե տալիս են նախարարությանը` որպես սեփականություն, այլ նախարարությունը լիազորված անձ է Կառավարության կողմից, ոչ թե նախարարության աշխատակիցներին է տրվում օգտագործվելու:
Արդյոք այդ գույքը կբավարարի՞ պարտքը փակելու համար, հարցին Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ եթե չբավարարի, ապա սնանկության գործընթաց սկսվի:
Լրագրողները Պավել Սաֆարյանից նաև հետաքրքրվեցին՝ ֆինանսների նախարարությունը ճշտե՞լ է՝ Միքայել Բաղդասարովը օֆշորում հաշիվներ ունի՞, թե ոչ, փոխնախարարը պատասխանեց. «Եղբայր ջան, ես որտեղից գիտեմ, ես հո հետախույզ չեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ