Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, Հայաստանը դիրքերը զիջել է 6 կետով
Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015»-ի՝ Հայաստանը մրցունակությամբ 85-րդն է աշխարհի 144 երկրների մեջ։ Նախորդ տարվա համեմատ մեր երկիրը դիրքերը զիջել է 6 կետով։ Եվ սա այն դեպքում, երբ, օրինակ, հարևան Վրաստանը դիրքերը բարելավել է 3 կետով զբաղեցնելով՝ 69-րդ տեղը, Ադրբեջանը՝ 1 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը։ Ռուսաստանը զբաղեցրել է 53-րդ տեղը` դիրքերը բարելավելով 11 կետով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «Մրցունակության համաշխարհային զեկույց 2014-2015» զեկույցը` «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը նշեց, որ երկրի մրցունակության գնահատականը կազմվում է հաշվի առնելով մրցունակության 12 հենասյուները։
Մ.Հերգնյանի խոսքերով` զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսություն շարունակում է մնալ ռիսկային իրավիճակում, և շատ երկրներ դեռևս լիովին չեն կարողանում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են տնտեսական աճը խթանելու համար:
Բացի այդ, այդ կառուցվածքային բարեփոխումները աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են անհավասարաչափ, ինչը ընդհանուր առմամբ խոչընդոտում է տնտեսական աճին:
«Զեկույցում շեշտադրվում է տաղանդների պահպանումն ու նորարարությունները` որպես կարևորագույն գործոններ, որոնք կարող են ապագայում խթանել համաշխարհային տնտեսական աճը: Այստեղ կարևորվում է համատեղել կառավարության և մասնավոր հատվածի ջանքերը` այդ երկու գործոնների ապահովման համար, քանի որ իրականում զեկույցում այն երկրներն են առաջատար դիրքեր գրավում, որոնց հաջողվել է այդ երկու գործոնները առավելապես օգտագործել»,- ասաց Մ.Հերգնյանը:
Ըստ նրա՝ ենթացուցիչների մակարդակով Հայաստանում գրանցվել են թե՛ դրական, թե՛ բացասական զգալի փոփոխություններ: Առաջընթաց են գրանցել ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և տեխնոլոգիների պատրաստվածության հենսյուները: Միևնույն ժամանակ վատթարացել են մնացած հենասյուների ցուցանիշները: Մասնավորապես, ավելի քան 20 կետով վատթարացել են աշխատուժի շուկայի արդյունավետության և ֆինանսական շուկայի զարգացվածության հենասյուների ցուցանիշները:
Մ. Հերգնյանը նշեց, որ առանձին ցուցանիշներով զգալի բարելավվել են տեղական մրցունակության ուժգնության, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ օրերի քանակի, բջջային կապի հասանելիության, ինտերնետից օգտվողների թվի և դպրոցներում ինտերնետի հասանելիության ցուցանիշները: Բացասական միտումներ են արձանագրվել գնաճի, ֆինանսական միջոցների հասանելիության, օտարերկրյա ներդրումների միջոցով տեխնոլոգիաների փոխանցման, քլաստերային զարգացման և իրավական դաշտի ցուցանիշներում:
Զեկույցի համաձայն` Հայաստանը 144 երկրների շարքում մակրոտնտեսական միջավայրում դիրքերը զիջել է 13 կետով` գրավելով 77-րդ տեղը, ապրանքների շուկայի արդյունավետության առումով անկում է գրանցվել 6 կետով (64-րդ տեղ), աշխատուժի շուկայի արդյունավետությամբ զբաղեցնում ենք 74-րդ տեղը` զիջելով 24 կետով, ինստիտուտների մասով զբաղեցնում ենք 72-րդ տեղը` զիջելով 7 կետով: Ֆինանսական շուկայի զարգացվածության առումով ևս հետընթաց է արձանագրվել 21 տեղով (97-րդ տեղ), գործարարության կատարելագործվածության բնագավառում զիջել ենք 6 կետով (93-րդ տեղ), իսկ շուկայի արդյունավետության, ինչպես նաև նորարարության կարողություններով մեր երկիրը դիրքերը զիջել է մեկական կետով` համապատասխանաբար գրավելով 118-րդ և 104-րդ տեղերը: Առողջապահության և տարրական կրթության բնագավառներում նույնպես Հայաստանը հետընթաց է գրանցել` 14 կետով (99-րդ տեղ):
Աննշան առաջընթաց է արձանագրվել բարձրագույն կրթության և վերապատրաստում, ենթակառուցվածքների բնագավառներում` երկուական կետով (համապատասխանաբար` 75-րդ և 78-րդ տեղեր), ինչպես նաև տեխնոլոգիական պատրաստվածության մասով` 1 կետով (71-րդ տեղ):
Ուշագրավ է, որ չնայած ՀԱՄ ցուցանիշի նվազմանը, Հայաստանը միջանկյալ փուլից անցում է կատարել դեպի արդյունավետության վրա հիմնված փուլ, շնորհիվ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճին (2,991 ԱՄՆ դոլարից 3,208 ԱՄՆ դոլար 2012-2013 թթ․): Սա նշանակում է, որ զարգացման այս փուլում փոխվում են Հայաստանի առջև եղած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Զարգացման արդյունավետության փուլում գտնվող երկրների հիմնական մարտահրավերը արտադրողականության աճն է:
Նշենք, որ 2014-2015թթ. զեկույցի արդյունքներով` Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ֆինլանդիան և Գերմանիան: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում նախորդ տարվա համեմատ առաջատարը Ադրբեջանն է, որին հաջորդում են Ղազախստանն (50-րդ տեղ) ու Ռուսաստանը (53-րդ տեղ` 11 կետով դիրքի լավացում): Ուկրաինան դիրքերը նույնպես բարելավել է 8 կետով` զբաղեցնելով 76-րդ տեղը: