Մեր քաղաքականությունն այն է, որ կորպորատիվ հաճախորդը երջանիկ լինի Ամերիաբանկի սպասարկումից. Գագիկ Սահակյան
Կորպորատիվ հաճախորդների համար ընդհանուր առաջարկ Ամերիաբանկը չունի, քանի որ յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամերիաբանկի կոորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
«Բանկը չունի երկու կորպորատիվ հաճախորդ, որին նույն պայմաններով սպասարկի: Մեկի մոտ տոկոսն է բարձր, մեկն այլ պահանջ ունի: Մեզ համար ամենակարևորն այն է, որ հաճախորդի հետ հանդիպման ժամանակ կարողանանք նրա կարիքները բացահայտել: Հնարավոր է` նա գալիս է վարկի համար, բայց նրան առաջարկենք բոլորովին այլ պրոդուկտ: Այսինքն` առաջարկում ենք նրանց կարիքներին համապատասխան պրոդուկտ»,- նշեց Գ.Սահակյանը:
Հարցին, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացնում բանկը կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում, Ամերիաբանկի կոորպորատիվ հաճախորդների գծով տնօրենը պատասխանեց, թե հիմնական քաղաքականությունն այն է, որ կորպորատիվ հաճախորդը երջանիկ լինի բանկի սպասարկումից, բանկի հետ աշխատելը պետք է լինի հաճելի:
«Դա մեր հիմնական գաղափարախոսությունն է: Մեր բանկում գործում է հաճախորդի մենեջերի տեխնոլոգիան, երբ հաճախորդը ամբողջ ընթացքում ` հաշիվ բացելուց, մինչև գործարքներ, շփվում է մեկ մարդու հետ»,- ասաց Գ.Սահակյանը:
Ինչ վերաբերում է առավելություններին, նա նշեց, որ բանկը երբեք տոկոս չի գովազդում, այսինքն` հանդես չի գալիս որպես պրոդուկտ վաճառող բանկ: Ըստ նրա` իրենց համար կարևոր է անհատական մոտեցումը, կարիքների բացահայտումն ու սպասարկման որակը:
«Կարևորը` հաճախորդի հետ հետևողական աշխատանքն է: Հիմա ոչ թե հաճախորդն է գալիս դեպի բանկ, այլ մենք ենք գնում դեպի հաճախորդը, զանգում ենք, գնում ենք, ներկայացնում ենք մեր պրոդուկտները: Մեր աշխատաոճը հետևյալն է` հաճախորդին չխաբել, հետևողական լինել, եթե հաճախորդն ուզում է կիրակի օրը վճարում կատարել, ուրեմն` պետք է նրան ընդառաջել»,- ընդգծեց Գ. Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ