Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես կհայտարարվի սակավաջրություն
Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում պաշտոնապես կհայտարարվի սակավաջրություն: Հայաստանի որևէ տարածքում սակավաջրություն հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ և գործադիրի առաջիկա նիստում նման իրավական ակտ կընդունվի: Համապատասխան նախագիծը ներառված է ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում:
Որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին կհանձնարարվի ապահովել Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում խմելու և ոռոգման նպատակով նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պետք է անհրաժեշտ քայլեր կատարի, որպեսզի Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ներդնեն կիսափակ ջրամատակարարման համակարգեր: Այս խնդրի լուծման նպատակով կատարված քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարը պետք է տեղեկատվություն ներկայացնի ՀՀ կառավարությանը՝ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին կհանձնարարվի ՀՀ կառավարությանը տեղեկատվություն ներկայացնել Արարատյան դաշտավայրի, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում, օդերևութաբանական վերլուծության արդյունքների և երաշտի նախապայմանների վերաբերյալ:
Որոշման նախագծին կից հիմնավորումների համաձայն ստեղծված իրավիճակի պատճառը հանդիսացել է այն փաստը, որ Ախուրյան, Հրազդան, Սևջուր և Քասախ գետերում գարնանային վարարումների ծավալները և առավելագույն ելքերի մեծություններն այս տարի եղել են միջին նորմայի 40-50 տոկոսների սահմաններում: