Մաքսային միության երկրներից ՌԴ տարածք այլևս չեն թողնի 5 լիտրից ավել ալկոհոլ ներկրել
ՌԴ կառավարությունում քննարկվում է անձնական նպատակներով Մաքսային միության երկրներից ներկրվող ալկոհոլի չափաքանակը սահմանափակելու հարցը, բացի այս քննարկվում է խստացնել այն ցանցերի աշխատանքի կանոնները, որոնք ալկոհոլ են վաճառում առանց ռուսաստանյան ակցիզային պիտակների: Այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը` նշելով, որ ներկրվող ալկոհոլի չափաքանակը կհավասարեցվի 5 լիտրի: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
«Առաջին հերթին խոսքը Ղազախստանի մասին է, որտեղ ակցիզները երկու անգամ էժան են ՌԴ-ի համեմատ: Վերջին շրջանում այս պատճառով ռուսաստանյան ալկոհոլային ակցիզները սկսել են նվազել»,- նշել է նախարարը և ավելացրել, որ Մաքսային միության տարածքում ալկոհոլի ներկրման չափաքանակի սահմանափակումներ չկան` անձնական նպատակներով մարդը կարող է, օրինակ, անգամ մեկ բեռնատար օղի տեղափոխել:
Ավելի վաղ այս հարցում իրավիճակ փոխելու անհրաժեշտության մասին հայտարարել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա կարծիքով` այդ փոփոխությունը ռուսաստանյան բյուջե հավելյալ 200 մլրդ ռուբլի կբերի:
Ռուսական ալկոհոլային շուկայում ամենաէժան ալկոհոլը Ղազախստանինն է: Եթե ՌԴ-ում 1 լիտր էթիլային սպիրտի ակցիզը կազմում է 500 ռուբլի, ապա Ղազախստանում ընդամենը 185 ռուբլի: